Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քարատաղցիք ինչո՞ւ համար, հաշտություն չեն կնքեր։

— Տեղերնին չեթիննե ըլլալուն համար։

— Տուրքիս ժողովուրդն այսպես անոթի մնալու վարժվելով՝ ի՞նչ վաստկած պիտի ըլլա։

— Սա վաստկած պիտի ըլլա, որ օր մը քահանա ձեռնադրվելու ըլլա նե՝ նեղություն չպիտի քաշե։

— Թագվիմի Վագայի անուն պաշտոնական լրագիրը ինչո՞ւ առանց փուլի կը հրատարակվի կոր։

— Հավասարության բացակայությանը պատճառավ։

— Ինչո՞ւ համար փաշաներեն ոմանք խեղճ գյուղացոց մազպաթաներուն տակը բռնությամբ դրած վկայություններուն հավատացնել կուզեն կառավարությունը։

— Սուտ են, անոր համար։

— Պատերազմ գացող, կամ պատերազմեն դարձող զինվորներեն ոմանք իրենց քաջությունը ո՞ւր ցցուցին։

— Անզեն և խեղճ գյուղացոց վրա։

— Պոլսո մեջ միսը ե՞րբ պիտի աժննա։

— Երբ որ Ամերիկայեն գալ սկսի։

— Ինչո՞ւ համար արժեթուղթերը ոսկիին հետ հավասարակշռության չեն դրվիր կոր։

— Հարյուրնոց ոսկին, հարյուրանոց թուղթին հետ կշռելու ըլլաս նե կը հասկնաս։


ՆԿԱՏԵԼՈՎ ՈՐ

Նկատելով, որ թերթերնուս դադարումը ծանուցող ազդարարությունը նկատելով որ ով կսկսեր, կամ եղև և մեզ նույն բառերով սկիզբ տալ Թատրոնիս վերահրատարակության։ Իյիտ տյուշտյու երտեն գալգար կըսե տաճկական առածը։

Եվ ահա այսպես. երկու, ամիս հրապարակեն հեռու մնալե ետք, այսօր նորեն ասպարեզ կիջնանք մեր ընթերցողաց տրտմությունն ըստ մեր կարողության զվարթության փոխել։

Թերևս հետաքրքիր ընթերցող մը հարցնե մեզ, թե ինչո՞ւ երկու ամիս գոց մնացիր, քանի որ ամիս մը դադրելու հրաման եղած էր քեզ։