Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՂՈԹՔ

Ընդհանուր ժողովո վերջին նիստին մեջ ջերմ վիճաբանություներ եղան հարստահարությանց բարձման համար։

Վսեմափայլ ատենապետ փաշան հարստահարությանց վրա բավական լուսաբանվելով՝ սկսավ զանոնք ուշի ուշով քննել, անոնց բազկերակները քննեց, լեզուներուն նայեցավ, կուրծքերնուն զարկավ և վերջապես հետևյալ դեղագիրը գրեց։

«Ընկալ քաղցրությամբ

1 տրամ

Հատով խոստովանիմ

10 տրամ

Եկեսցէ ի վերայ իմ

6 տրամ

Տէր ողորմեա

պետք եղածին չափ


Խառնե, ու 360 դեղահատ շինե։

Օրը չորս հատ պիտի կլլվի ու երեք ամսեն պիտի լմննա։

ՍՏԵՓԱՆ ՓԱՇԱ ԱՍԼԱՆՅԱՆ»

Երեք ամիս այս դեղեն ուտվելու ըլլա նե՝ հարստահարությունները կը վերնան եղեր։

Վսեմափայլ ատենապետ փաշային բժշկության մեջ ունեցած համբավը իրավունք կուտա մեզ հավատալու՝ թե ազգը հիշյալ հապերեն կլլել սկսած օրեն օգուտը պիտի տեսնե, եթե ընդհակառակն՝ օգուտ մը չտեսնվի՝ ազգը վեց ամսվան թերթիպ մալ կառնե ու սա հարստահարությունները կը վերանան։

Կեցցե, արվեստ բժշկության, տես որչափ ընդարձակ ճյուղեր ունի եղեր... կերևի, որ ատենապետ փաշան բժշկության հարստահարական ճյուղին մեջ շատ առաջ գացած է։

Չենք կարծեր, որ ատենապետ փաշան ազգին այս ողորմելի վիճակին մեջ ատենապետության աթոռին վրա նստած, ազգին հետ զբոսնու. այլ կը հավատանք, որ մինչև հիմա նայած բոլոր հիվանդներուն տված գեղագիրներն վերոգրյալ դեղագիրին պես բաներ են։


ՎԱՐԺԱՊԵՏՆԵՐՈՒՆ ԾԵԾ

Ժամանակավ վարժապետները աշակերտնին կը ծեծեին, հիմա ալ թաղային խորհրդո անդամները վարժապետ կը ծեծեն կոր։