Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԱՄԲՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՍԵՆՅԱԿԻՆ

ՄԵՋ ԽՄԲԱԳԻՐ ՄԸ

— Ծառա եմ, սրբազան։

— Աստված օրհնե..․ սանկ հրամմեցեք, նստեցե՛ք։

— Հոս աղեկ եմ, սրբազան։

— Ինչպես եք, աղե՞կ եք։

— Փառք Աստծո, սրբազան։ Ձեր սրբազնությունը ինչպե՞ս է։

— Օրհնյալ է Աստված, փառք Աստուծո։

— Մենք միշտ ձեր աղեկությունը կուզենք, սրբազան։

— Ի՞նչ լուր կա։

— Հիմա ան լուրերը հայտնի են. դրամական տագնապ... կռիվ...

— Հրամմեր եք, այդպես է։

— Իմացա, որ ձեր սրբազնությունը այս օրերս Աղթամար երթալ կը պատրաստվի եղեր, շատ ուրախացա, ինչու որ ձեր սրբազնությունը երկար տարիներե ի վեր աս սենյակին մեջ շատ ճգնեց, սրբազան:

— Ողջ եղեք։

— Բայց և այնպես արդարությունը երևան ելավ և հասկցվեցավ, որ դուք անմեղ եք։ Այս առթիվ՝ ձեր սրբազնությանը դեմ գրածներս հետս կը կոչեմ։

— Շնորհակալ եմ։

— Մարդիկ երբեմն կրնան սխալիլ սրբազան։

— Ի՞նչ ըսել է, հարկավ կը սխալին։

— Ես ալ իբրև մարդ սխալեցա ու ձեր սրբազնությանը դեմ գրեցե, բայց քանի որ այսօր կը տեսնամ, որ դուք արդարացած եք և ձեր աթոռը կը դառնաք, կը պարտավորիմ զձեզ գովել։

— Շնորհակալ եմ ձեր ազնիվ զգացումներեն։

— Գացած օրերնիդ շատ մը բարեմաղթություններով լեցուն աղվորիկ հոդված մալ կը գրեմ։ Այս մասին ըսելիք մը ունե՞իք։

— Ո՛չ, շնորհակալ եմ։

— Կըսեմ, թե Աղթամար քիչ ժամանակին մեջ նախանձելի վիճակ մը պիտի ունենա։ Այս մասին դիտողություն մը ունի՞ք։

— Ոչ, երախտագիտությունս կը հայտնեմ։

— Կըսեմ թե Խաչատուր կաթողիկոսի պես մարդու մը արժանիքը պետք է որ ճանչցվի. ասանկ սուրբ մարդ մը պետք է որ