Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եթե ձեր սրբազնությունը ինձի սա վիճակիս մեջ օգնե՝ մեծ բարություն մը ըրած պիտի ըլլա։

— Չունիմ տղաս։

— Գուզում սրբազան։

— Չկա տղաս։

— Աման սրբազան։

— Ի՞նչ ընեմ, օրհնած։

— Ճանըմ սրբազան, բան մը ըրե տե, ինչ կուզես նե ան ըրե:

— Չունիմ, զավակս։

— Մաշլա՞խ մալ չկա։

— Մաշլախը ի՞նչ ընես։

— Կը ծախեմ, ստակ կընեմ սրբազան.․․

— Կեցի նայիմ, սատանա, հոս մաշլախ մը կար (կը փնտրե) հա գտա, առ նայիմ։

— Ալ աղեկը չկա, սրբազան։

— Ամենեն աղեկն է աս։

— Շնորհակալ եմ, սրբազան, բայց չկարծեք թե ասիկա իբրև կաշառք կառնեմ, քավ լիցի, ես ատանկ բան չեմ ըներ, և ընողներեն ալ չեմ ախորժիր, ես այս մաշլախը իբրև փոխառություն մը կընդունիմ, քանի ամսեն կամ ստակը, կուտամ կամ.․․

— Չէ՛, չէ՛ թող մեկ նվերս գտնվի մոտերնիդ։

— Ատ ուրիշ խնդիր, ատոր ալ դեմ չեմ գար, միայն թե իս սիրտս հասկցվի, և չըսես թե երթալու օրերս եկավ ինձմե ստակ փրցուց, ո՜հ, ասիկա ծանր կուգա ինձի։

— Հանգիստ եղեք դուք։

— Ծառա եմ սրբազան, երթայք բարյավ, բարի անունիդ չսենք, երբեմն երբեմն մեզի նամակ գրեցե՛ք։

— Շատ աղեկ, շնորհակալ եմ։

— Մնա՜ք բարով, սրբազան։

— Երթա՜ք բարով տղաս։


ՆՈՐ ԹԸՆԵԼ ՄԱԼ

— Ի՞նչ կա, Խիկար։

— Բան մ՝ալ չկա, Բերայի շիտակ փողոցը շինված թընելը գացի քիչ մը։

— Ուրիշ թընե՞լ մ՝ալ բացվեր է։

— Այո՜։