Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<Ի՞ՆՉ ԿԸ ՄՏՄՏԱՍ, ԽԻԿԱՐ>

— Ի՞նչ կը մտմտաս, Խիկա՛ր։

— Սա կը մտմտամ, որ ասանկ առանց ստակի մնալով ի՞նչ պիտի ընենք։ Ինձի գործ մը գտնեիր։

— Ի՞նչ գործ կրնամ գտնալ քեզի։

— Պոլսո մեջ գո՞րծ կը պակսի, բավական է, որ խելացի մարդ մը քիչ մը մտմտա։

— Գործ կա, բայց չգիտեմ, որ դուն կրնա՞ս ընել:

— Ինչո՞ւ չպիտի կրնամ ընել, ըսե՛ նայիմ։

— Քանի մը վրձին կառնես, Բերայի շիտակ ճամբուն վրա պզտիկ խանութ մը կը բանաս, կը նստիս։

— Վրձինները աոնեմ ի՞նչ ընեմ։

— Բերայի փողոցները ամեն առտու կավլեն և այնչափ փոշի կը հանեն, որ բոլոր անցնողները վրան գլուխը փոշի կըլլա, դուն ալ «հրամմեցե՛ք, էֆենտիներ, մյուսյուներ» ըսելով՝ զանոնք կը կանչես և վրանին գլուխնին կը մաքրես։

— Աս գեշ գործ չէ ամա, մինչև որ ամեն մարդ ասանկ խանութի մը բացվիլը իմանա նե ես անոթութենե կը մեռնիմ։ Ինձի ուրիշ գործ մը ըսե դուն։

— Օճախ կրնաս նստիլ։

— Օճախին մեջ կը նստվի՞ մի, կայրիմ նե։

— Վալաթիո օճախխ, կըսեմ կոր։

— Հոն երթամ նստիմ, ի՞նչ ընեմ։

— Հոն մարդ մը կա, քեզի գործ մը կը գտնա, միայն թե ինքը ինչ որ ըսե չէ ըսելու չես։ Օրինակի համար, կը նայիս, որ աշխարհիս վրա ամեն անառակությունն ընող, ամեն գեշություներու մեջ լողացող կնիկ մը կուգա քեզի կըսե՝ «գուզում Խիկա՛ր, ինձ պաշտպանե, քեզի ինչ ուզես նե՝ կուտամ», դուն ալ ան կնկան ձեռքեն կը բռնես, հոն մարդ մը կա, անոր կը տանիս։

— էյ, ան մարդը ի՞նչ կրնա ընել, անառակ կնիկ մը ի՞նչպես կրնա պաշտպանվիլ։

— Այն մարդը արդեն ուրիշ գործ չունի, իր բոլոր գործը անառակները պաշտպանել է²։

— Ըսել կուզես, թե աշխարհիս երեսը պաշտպանվիլ ուզող որչափ անառակ կա նե՝ թևեն բռնեմ հոն տանիմ նե ինձի ստակ կուտան, այնպես չէ՞։