Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինձի այնպես կուգա, որ ստակ ալ չտա նե անոր հովանավորությանը ներքև կրնաս ապրիլ։

— Աս ըսածներդ աղեկ, բայց ես ասանկ անպատիվ գործեր չեմ կրնար ընել։ Ինձի պատվավոր գործ մը գտիր։

— Պատվավո՞ր գործ ըսիր... վարժապետություն ըրե՛։

— Վարժապետության պատի՞ վը մնացեր է, որ վարժապետություն ընեմ, առջի օրը դուն ըսած չէի՞ր, որ սեիսները վարժապետներեն ավելի պատիվ կը գտնան կոր։

— Բժշկություն ըրե՛։

— Չեմ գիտեր, ի՞նչպես կրնամ ընել։

— Ամենքր գիտնալով չեն ըներ ա՛, քանի մր լատիներեն բառ կը սորվիս, կը լմննա կ՝երթա. լատիներեն բառերն ալ շատ դյուրությամբ կը սորվիս, բառի մը ծայրը ում կամ ուս դնելուդ պես լատիներեն կըլլա։

— Բժիշկ չեմ կրնար ըլլալ։

— էհ, հիվանդ եղիր։

— Հիվանդութենե ի՞նչ կրնամ վաստկիլ։

— Հիվանդութենե սա կրնաս վաստկիլ, որ անոր, ասոր պարտք ունիս նե չես տար, անոնք ալ փողոցը չեն տեսնար որ ուզեն...

— Բայց ես քեզի չըսի, թե պարտքերս չվճարելու համար ճամբա մը ցցո՜ւր, այլ ըսի թե, ստակ վաստկելու միջոց մը գտիր ինձի։

— Սարաֆություն ըրե՛, քայմե առ, արծաթ տո՜ւր, ոսկի ա՛ռ, պղինձ տո՛ւր։

— Անոնք ունենալու եմ, որ առնեմ, տամ, ես այդ քու ըսածներդ շատոնց տեսած չունիմ, ինձի անանկ գործ մը ըսե, որ առանց ստակի ըլլա։

— Եկո՜ւր, Խիկա՜ր, վարդապետ մը եղիր։

— Շատ աղեկ, ըլլամ, բայց վարդապետությունը ձեռքես կուգա՞։

— Ինչո՞ւ չպիտի գա։

— Կրոնագիտություն գիտնալու է, աստվածաբանություն գիտնալու է..․

— Ասոնք վերջեն կը սորվիս․ հիմակուհիմա քեզի պետք եղածը՝ մեյ մը թաղել գիտնալ, մեյ մը պսակել գիտնալ, մեյ մ՝ալ դամբանական խոսիլ։

— Առաջինները կրնամ սորվիլ, բայց վերջինը քիչ մը դժվար է։