Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հասկցա, դուն ծույլին մեկն ես, աշխատիլ չես ուզեր, կուզես որ հանգիստ նստիս, կերակուրը առջևդ բերեն, ուտես, խմես, քնանաս ու բան մալ չխորհիս, ատ քու ըսածդ Աղթամարա կաթողիկոսն անգամ չկրնար կոր ընել հիմա։


ԿԵՂԾԵՆ ԶԳՈԻՇԱՑԵՔ

Դրամական տագնապը որչափ որ կավելնա, գողության կամ մուրացկանության արվեստն ալ այնչափ առաջ կերթա կոր։

Այս օրերս շատ մը մուրացկաններ ելած են, որոնք ինքզինքնին պատերազմեն դարձած վիրավորյալ զորք ձևացնելով, անոր ասոր գութը շարժելով, ստակ կը քաշեն կոր։

Տեսակ մը մուրացկաններ ալ կան, որոնք ուրիշի ստորագրությունը կեղծելով, նամակներ կը գրեն կոր և ստակ հափշտակելու փորձ կը փորձեն կոր։

Ասոնցմե մին, առջի օրը, Օրթագեղի մըխթար մեծապատիվ Հակոբ աղա Սանտալճյանի ստորագրությամբ նամակ մը կը գրե և օտապաշըի մը կը տանի։

— Հակոբ աղան, հատկապես բարև ըրավ, ինք չկրցավ գալ. սա նամակով զիս ղրկեց, որ իրեն հարյուրանոց երեք թուղթ տաք:

— Շատ աղեկ, կեցի՜ր նամակը կարդալ տամ ու..․

— Ի՞նչ հարկ կա, ես կարդացի յա, կուզես նե անգամ մալ կարդամ, բայց շուտ ըրե՜, Հակոբ աղան կսպասե կոր, ստակը տո՜ւր, ես երթամ, դուն վերջը նամակը կարդացուր։

Կեցիր նայիմ ըսելով, օտապաշին ստակը տալու կը պատրաստվեր, երբ երիտասարդ մը նույն միջոցին վրա կուգա և կարթնըցնե օտապաշին՝ որն որ կը հարցնե նամակաբերին.

— Հակոբ աղան ո՞ւր է հիմա։

— Դուռն է ճանըմ, Դուռն է ըսինք, ալ շուտ ըրե՜, տուր ատակը երթամ։

— Ես կերթամ Դուռը իրեն կուտամ. բարև ըրե։

— Ճանըմ, դուն չես կրնար գտնալ, անոր տեղը ես գիտեմ, տեր ողորմյա, քեզի խաբելու չենք ա՜։

— Գնա՜ դուն, ես կը տանիմ իրեն կուտամ։

Այս պատասխանին վրա գողին ճարը հատնելով կը մեկնի և օտապաշին երիտասարդին շնորհիվ․ հարյուրանոց երեք թուղթի վնասեն կը խալսի։