Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ իրենց սխալ կարծիքը մեյմեկ պատգամի տեղ դնելով, քու ամեն ըսածդ կը ծաղրեն և խոսելու իրավունքդ կը բռնաբարեն, համարձակությամբ՝ «սոքա ևս հիմարք և մորոսք են» ըսե և մի հակաճառեր։

— Երբ կը տեսնես օրիորդ կամ տիկին մը որուն խոսակցությունը միշտ շորասիրության, ցնցոտի պաճուճանաց վրա կը կայանա, հեռացիր անկե, վասնզի թեթևամտության ախտեն բոնված է։

— Մեկու մը հետ ճամբան շարունակած ժամանակդ երբ քովինդ կսկսի թևեդ բռնելով և քեզ կայնեցնելով բան մը պատմել և այսպես երկու քայլին մեկը քեզի ձանձրություն և արգելք ըլլա, հասկցիր, որ այդ ընկերդ խենդ է։

— Երբ որ որպիսությունը հարցնելու ըլլաս՝ նե՝ միշտ տկար եմ, հիվանդ եմ, կը մեռնիմ կոր ըսողը, անպատճառ գլխի հիվանդություն ունի։

— Շատ խնդացողները, շատ լացողները, շատ խոսողները, շատ լուռ կեցողները, շատ ուտողները, շատ անոթի մնացողները, շատ շուտ քալողները, շատ կամաց քայլ առնողները, կառքերեն, նավերեն, երեկույթներեն ամենեն առաջ կամ ամենեն վերջը ելլողները, շատ կարդացողները, բնավ չի կարդացողները, շուտ շուտ կարծիք փոխողները, միևնույն կարծիքին վրա անսաստ, հավիտյան մնացողները, շատ բազմություն սիրողները, բոլորովին մարդատյանց եղողները, շատ լայն բանթալոն հագնողները, բոլորովին նեղ հագնողները, թաշկինակնին ծոցերնեն կեսը դուրս ձգողները, երիտասարդաց մեջ տեքութե շապիկ հագնողները, շատ արբեցողները, բնավ չի խմոցները, շատ երգողները, ձայներնին չի հանողները, կարի հույժ բարձրահասակները, խիստ կարճահասակները, վերջապես շատ լրագիր կարդացողները, բնավ Թատրոն չառնողները՝ միով բանիվ խենթ, հիմար, պակաս, ապուշ, տխմար, խելագար, մորոս, անխելք, փախուցյալ, թռուցյալ և ուղեղնին թեթեվաբանությամբ լցյալ են և պիտի մնան մինչև ի կատարած աշխարհի։


Թատրոնի 203 թիվ թերթին մեջ տիեզերական հիմարանոցը գտնված զանազան դաս շղթայակապ խելագարներուն մեկ պզտիկ մասին վիճակագրական ցուցակը տված էինք։

Բայց, նկատելով որ, պատվարժան անձանց մեկ մեծ մասը իրենց խենթությանց հիշատակությունր սույն ցուցակին մեջ չգտնելուն համար մեծ ցավ զգացեր և մինչև անգամ մեր սույն բացառության