Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա բոլորովին սրդողեր են, ուստի, մենք ալ՝ պարտ ու պատշաճ կը համարինք՝ դեռ Դիոգինեսի լապտերը չմարած՝ զանոնք ևս գոհացնելու։

— Երբ կը գտնես այնպես մարդ մը, որ կը պնդե, թե այս դարուս մեջ նոր կամուրջեն երթևեկելու բախտավորությունը պիտի ունենանք, հասկցիր, որ այն անձը հիմարանոցե նոր փախած է։

— Երբ պատիվ կունենաս հանդիպելու այնպիսի տիկնայց, որ գլուխնին վրա մեյ մեկ մազեղեն պաճուճանքն աշտարակներ բարձրացուցեր են, ամենայն խոհեմությամբ քսանուհինգ քայլ հեռուեն անցնելու ջանացիր։

— Պարտավորներու հետ այս դարուս մեջ խստությամբ վարվելով, առնելիքնին դյուրավ գանձել կարծող պարտատերներուն հետ ալ շատ հաճախ մի տեսնվիր, չըլլա թե վիզդ փաթթվին։

— Ձմեռվան ցուրտը ամառային եղանակեն ավելի սիրող մարդիկներե ևս զգուշացիր, կարելի է գլխի տաքությամբ վնաս մը կը հասցունեն քեզի։

— Երբ Պոլսո փողոցներուն մեջ կը դիտես անձ մը, որ ճամբան շատ մաքուր կը քալե և հագուստին վրա առանց ցեխի մատ մը տեղ չիկա, իմացիր, որ բավական պատվավոր խենթերե մեկն է։

— Երբ կը տեսնես երջանիկ մարդ մը, որ ունեցածը չունեցածը ծախեր և բոլորն ալ արժեթուղթ ընելով սնտուկը պահեր և այս օրվան օրս հարյուրին ութսուն վնասելեն ի զատ մինչև անգամ առօրյա ծախքը հոգալու անկարող է, գիտցիր, որ խեղճը մտքի լուսավորության կարոտ է։

— Երբ բարեկամի մը տուն գիշեր ատեն այցելության կերթաս և կը տեսնես, թե տանուտերը կերակուրը դեռ չմարսած պատկեր է և անկողինեն զքեզ կընդունի՝ առանց պետք եղած հարգն ու պատիվը քեզի կատարելու, գիտցիր, որ այդ բարեկամդ առաջին աստիճանի փախուկներեն մեկն է։

— Երբ հասարակության մեջ ծիրանի «ֆես» ով և կապույտ ծոպով (բյուսկիլ) մարդ մը աչքիդ կը դպչի, գիտցիր, որ խեղճին ուղեղը կես լիպրայեն տասնուհինգ կրամ պակաս է։

— Երբ կը գտնես այնպես իմաստասեր մը, որ ամեն չգիտցված բաներուն վրա տրամաբանելով, իրմե ապուշներուն գիտություն կը ծախե և զանոնք կզմայլեցնե, հավատացիր, որ մանանխո հատի չափ խելք չունի։

— Երբ Արևելյան խնդրույն մեջ Եվրոպիո իրարանցումը միայն Արևելքի քրիստոնեից վիճակին բարվոքման համար է կարծող