Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաճառականություն, նավապետություն, կարևոր մատենագրություն, հեղինակությանց մեջ տրամաբանություն, ազգային վիճակագրություն, և այլն, և այլն, և այլն հուսացողները։

— Թրախումայով աղջիկ փնտրողները։

— Ազնվականներե մարդասիրություն սպասողները։

— Մանավանդ գաթիլեոն պարողները այն աստիճան թեթեվամիտ, խենթ ու խելագարներ են, որ մինչև անգամ հիմարապետական պատվանշաններ ևս ունին։

«Տէ՜ր, թո՛ղ դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն»։


<ԿԵՐԵՎԱ, ԹԵ «ՄԱՍԻՍԻ»..>

Կերևա, թե Մասիսի Սմբատին շամփուրը Նուրյան էֆենտիի գլուխը շատ տաքցուցեր է, որ այս էֆենտին, ինքզինքը պաշտպանելու համար, խմբագրական ասպարեզին մեջ նետեր է։ Նուրյան էֆենտին ինքն ալ զգալով, որ արդարանալու պետք ունի, նախ և առաջ Նոր Դար անունով լրագիր մը հրատարակել տալ սկսավ և ուխտ ըրավ, որ խմբագրությունը չթողու, մինչև որ արդարանա։

Կը շնորհավորենք մեր մշտնչենական պաշտոնակիցը և ընթերցողներ կը բարեմաղթենք իրեն, սակայն մեկ կողմեն կը ցավինք, որ մեր նոր պաշտոնակիցը չպիտի կրնա հաջողիլ յուր այս ձեռնարկությանը մեջ, ինչու որ ավելի լսելու կոչում ունի՝ քան թէ խոսելու։

Այս ըսածնիս ինք ալ կը խոստովանի ըսելով, թե միտքս աղեկ չեք հասկցեր։

Եվ որովհետև անկարելի է, որ ամբողջ ժողովուրդ մը մեկ մարդու մը բերնեն ելած խոսքը չհասկնա, կամ ծուռ հասկընա, ըսել կըլլա, թե Նուրյան էֆենտին իր միտքը հասկցնելու կարողություն չունի. և այս մեծ թերություն մէ խմբագրի մը համար։

Թո՛ղ աշխատի Նուրյան էֆենտին ինքզինքն արդարացունել, թո՛ղ շարունակե յուր խմբագրությունը, բայց մենք չենք կարծեր իր թերթին, իր հոդվածներուն իրմե զատ ընթերցող ունենա։


ՁԻԵՐՈԻՆ ԵՎ ԷՇԵՐՈԻՆ ՄԵԿ ՄԻԹԻՆԿԸ

Լսեցի՞ր ընթերցող, ձիերն ու էշերն ալ գլուխ վերցնելով բարեխնամ և հայրագութ կառավարության խնդիր մատուցեր և ընդունվեր են. լսեցիր, թե չէ՝ Րուղնամեի 93 թիվն առ ու կարդա։