Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չության անդամներուն մեջ առաջին տեղ կը բռնե, Քյոսե քեհյային առաջին ներկայացման գիշերն, երբ կը տեսնե ազգային լեզվին ծաղրվիլն, իսկույն օթյակեն դուրս կը ցատկե և թատերաբեմ երթալով խստիվ կը պատվիրե, որ խաղին մեջ գրված հայերեն խոսքերն բնավ չարտասանվին, յուր պատվերը կը կատարվի և հիմա խաղին մեջեն հայերեն խոսքերը բոլորովին վերցած են։ Նույնպես Արիֆին մեջ գտնված անբարոյական խոսքերը՝ զորս միշտ հարվածեր էինք², դարձյալ մեծապատիվ Մելիքյան էֆենտիի որոշմամբը խաղեն դուրս ձգված են։ Արդ, եթե այս դիտողություններն այդ խումբին թշնամի ըլլալնուս համար կընեինք՝ ըսել է որ մեծապատիվ Մելիքյան էֆենտին ալ յուր խումբին թշնամի է, որովհետև մեր դիտողություններն ինքն ալ ընելով՝ մեզի համակարծիք գտնված է։ Ի՜նչ անհեթեթ ենթադրություն...

Այս տողերը գրելես ետքը պարտք կը համարինք ծանուցանել, որ վստահության արժանի մարդոց մեզ տված տեղեկությանց նայելով, հատկապես կազմված ընկերության մը վարչության ներքև կը գտնվի այս խումբը և ոչ թե վսեմափայլ Կեռչեյան էֆենտիի, ինչպես որ ի լրո ծանուցած էինք անցյալ թիվերնուս մեջ։ Ըստ մեզ, հոգ չէ թե այս ինչին կամ այն ինչին վարչությանը ներքև գտնվի, բավական է, որ խումբը հասարակությունը գոհացնե, անբարոյական խաղեր չտա, և մասնավորապես Վարդովյանի խումբը վատ միջոցներով կործանելու աշխատելե հրաժարի, թեպետև չենք կարծեր, որ ընկերության անդամները խումբին մեջ գտնված մեկ երկու անձանց կարծյաց բաժանորդ ըլլան, և մանավանդ իրավունք ունինք կարծելու, թե ընկերությունը հիշյալ խումբը պիտի բարեկարգե և առաջքն պիտի առնե այն ամեն թշնամությանց. որ ի վնաս Վարդովյան խումբին գործվիլ կուզվին։


ԴԸՍ... ԴԸՍ... ԴԸՍՐՈ՜ՎԱԽՈ՜Ս «ՄԻՄՈՍԸ»

Միմոս անուն զավեշտական մականվանյալ թուղթը — Թուրքիս մեջ սովորություն մը կա, որ կատակի հաժար գաճաճին գահրամա՞ն կըսեն — չորեքշաբթի օրվան թվույն մեջ մեր թերթին դեմ չգիտցած լեզվովը քանի մը տող մրոտելով չգիտցած բանի մը վրա կարծիք հայտներ և ըսեր է, թե Թատրոնը «Արիֆն ու Քյոսե քեհյան իբրև հակազգային և անբարոյական խաղեր վար կը զարնե և Լա պել էլենը ու Լա Ֆիյլ տը մատամ Անկոն¹, իբրև ազգային ու բարոյալից խաղեր կը դսրովե»։