Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և Աճեմ էշեկճիներն կենդանյաց երբեք սույն շնորհն ըրած չեն, չըրին և չպիտի ընեն։


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈԻՑՈՒՄ «ԹԱՏՐՈՆԻ»

Նկատելով՝ որ Քարակեոմրյուկի եկղեցվույն լուսարարը կարճատես ըլլալուն պատճառավ գանձանակեն առաջ իր գրպանը կը տեսնե կոր և ուխտավորներեն առած ստակը ամբողջ գանձանակին մեջ նետելու տեղ յուր գրպանը կը նետե կոր, հարկ եղավ ի պաշտոնե ծանուցանել ջերմեռանդ ուխտավորներուն, որ ասկից ետքը իրենց լուման լուսարարին չհանձնեն և իրենց ձեռքովը գանձանակին մեջ ձգեն։

Սույն ծանուցման հակառակ վարվողին ուխտը ընդունական պիտք չըլլա։


ԱՍՏ ՀԱՆԳՉԻ 1876 ԹՎԱԿԱՆ

ՀԻՇԱՏԱԿ ԱՆՄՈՌԱՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ,

ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԻՑ ՎԻՃԱԿԻՆ ԲԱՐՎՈՔՄԱՆ

Ինչպես որ Լրագիր խիստ աղեկ գուշակած էր քանի մը շաբաթ առաջ, այսօր 1876-ը կերթա թաղվելու յուր նախահարց գերեզմանը՝ զոր ոմանք անցյալ կանվանեն և ոմանք ոչնչություն։

Մահը խնդալու կողմ չունենալուն համար թեպետև ասկից առաջ որոշած էինք նույնիսկ մեր ամենեն սիրելիներուն մահվան վրա անգամ երկու խոսք չընել — որովհետև զվարճախոս թերթի մը մեջ մահը յուր նշանակությունը կը կորսնցունե կոր — բայց իբրև բացատություն, պարտը համարեցինք դամբանականով մը համառոտիվ նկարագրել նորոգ հանգուցյալ 1876-ի վարքն ու վիճակը։

Սիրելի ժողովուրդ․

Մարդոյ որպես խոտոյ են աւուրք իւր, կըսե Դավիթ մարգարեն։

Իրավունք ունի Եսայի մարգարեին պաշտոնակիցը այսպես խոսելու, մարդուս կյանքը խոտի պես է, գարնան մեջ կը բուսնի, աշնան մեջ կը թառամի։ Ս՜հ... շատ է խոտո, եթե թող տրվի իրեն, որ գարնան մեջ բուսնի և աշնան մեջ թառամի. կովերը, ձիերը, էշերն ու ավանակները շատ անգամ կը քաշեն, կը քաշքշեն, կը փրցունեն, կը ծամեն, կուտեն և կսպառեն զայն աշունեն առաջ։

Գիտե՞ք, թե որոնք են այդ ձիերը, կովերը և այլն. ատոնք են մտատանջություններ, վիշտեր, ցավեր, տուրքեր, փուլեր, թղթադրամներ և այլն։