Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դավիթ մարգարեն հովիվ մը ըլլալով՝ ավելի հարմար բանի մը չէր կրնար նմանցնել մարդուս կյանքը։ Մարդուս կյանքը րատիքայի ալ կը նմանի որչափ Համեղ ըլլա, դարձյալ կծուություն մունի յուր մեջ։

Մարդուս կյանքը Օստրո-թուրք պանքային թուղթերուն ալ կը նմանի, այսօր կա, վաղը չկա։

Մարդուս կյանքը իմ թիկնաթոռիս ալ կը նմանի, քիչ մը ուժով նստիս նե կը կոտրի։

Վերջապես, մարդուս կյանքը Լրագրի կը նմանի. հեռվանց բան մը կերևա, մեջը բանաս նե բան չկա. ունայնությունը կը տիրե հոն և կստիպե զիս Սողոմոն իմաստունի փաթտվելով անոր մորուքը պագնել և կոկորդիս ներածին չափ հետը պոռալ. «Ունայնություն ունայնությանց ամենայն ինչ ընդունայն է մարդիկ»։ Մի խաբվիք երբ ձեզի ըսեն, թե սա պիտի ըլլա, նա պիտի ըլլա, վաղը այսօրվնե ավելի երջանիկ պիտի ըլլանք, այս նեղությունները պիտի վերնան։ Ասոնք հույսեր են, որ իմ երազներուս կը նմանին, պահ մը կը զվարճացնեն զմեզ, բայց երբեք չեն երջանկացներ։

Խեղճ մահկանացուք, մինչև ե՞րբ պիտի երազեք. — Մինչև այն օրը, երբ մահը հանկարծ քյուրտի մը պես գա ձեր կոկորդը սխմե ու ձեր հոգին առնե, ինչպես որ առավ նորոգ հանգուցյալ 1876-ի կյանքը։ Որո՞ւ մտքեն կանցներ — բացի Լրագրե — թե պիտի մեռնի այս 1876-ը, մենք կը կարծեինք, որ տասը քսան տարի ալ պիտի ապրի այս 1876-ը, որ հազիվ քիչ մը խաղաղության երես պիտի տեսնար... փակեց յուր աչքերը և քնացավ... Երանի թե մեյ մալ չբանար... Մեծ է կորուստս...։

Մարդոյ որպես խոտոյ են աւուրք իւր կըսե մեր հովիվը... Ահա սին հույսերով ապրեցավ նորոգ հանգուցյալ 1876-ը, աղքատ ծնավ, աղքատ մեռավ։ Կռվեցավ, ծեծեց, ծեծ կերավ, ոսկին հատավ, թուղթ հանեց, բայց չսնանկացավ, որովհետև սնանկանալու համար առաջուց ստակ ունենալը պետք է եղեր ըստ վաճառականության օրինագրքի։

Մի՛ լաք, մի լաք, խալսեցավ այս աշխարհիս վիշտերեն, խալսեցավ դեսպանաժողովի նիստերեն, խալսեցավ հացագործներու ձեռքեն, խալսեցավ բաժանորդագիննին չփճացողներու ձեռքեն, խալսցեավ Սուլթան Համամի փողոցեն անցած միջոցին քանի մը անգամ իյնալեն, ելլալեն, վերջապես, խալսեցավ այն բաներեն, որոնց մեջ երթալով կը թաղվինք կոր։

Մարդոյ որպես խոտոյ են աւուրք իւր... չէ՞ր կրնար ըլլալ, ով