Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախ և առաջ կը խնդրեմ ձեզմե, որ ճեմարանի հոգաբարձության քիչ մը շնորհ տաք։

Երկրորդ այնպես ըրե՜ք, որ Ուսումնական խորհուրդը յուր շրջաբերականներուն մեջ միայն յուր տնօրենությունը գրե և մեզի պատմության ու բժշկականության դաս չտա։

Երրորդ սա Քրիստոստուր Էֆենտիին շատ ստակ մի՛ վաստկցնեք, ին՛չու որ շատ ստակ վաստկելու իրավունք չունի անիկա։

Չորրորդ ինձի ալ շատ ստակ մի՛ վաստկցներ, որպեսզի արձակ համարձակ և անաչառապես արդարությունը պաշտպանեմ, որովհետև եթե ստակ վաստկցներ, կրնա ըլլալ, որ ոսկիներու սիրահարելով՝ շողոքորթել սկսիմ։

Հինգերորդ սա ինքզինքնին արիսթոքրաթ հա՛, հա՛, հա՛, անվանող և Վանա հրկիզելոց համար լումա կը չտվող Էֆենտիներուն մոլությունները ավելցուցե՛ք, որ շատ հարվածեմ զիրենք։

Վեցերորդ՝ Ն... Էֆենտին ալ ասկից ավելի մի՜ բարձրացունեք։

Յոթներորդ՝ թղթատան մարդոց ըսեք, որ քայմեն հինգ ղուրուշի առած ատեննին քառասուն փարա հաճին ետ տալ և զմեզ չհարստահարել։

Ութերորդ պախալիս ապսպրեցեք, որ կազին աղեկը ցցունելով՝ գեշեն չտա։

Իններորդ բարեհաճեցե՛ք Չայլաքին ըսել, որ կյավուռ բիճը քիչ մը քիչ գործածել։

Տասներորդ Շիրքեթի հայրիեին խղճմտանք տվե՜ք, որ դրամի մասին ըրած տնօրենություններով մեզի չտանջե։

Մետասաներոդ Պատրիարքարանի աչքերը քիչ մ՝ալ կարճատես ըրեք, որ Մելիքսեդեկ և Մակար վարդապետի պես ազնիվ և տաղանդավոր կրոնավորներն առանց պաշտոնի մնան։

Երկոտասաներորդ՝ պատվանշան մ՝ալ Նոր Դարին տվեք, որ գանձուն ծառայություն մը ընելու համար կ՝ըսե, թե ծերակույտի համար մեր ազգեն ընտրվելիք հրաժարյալ պատրիարքներուն (Հայրիկին) տասը հազար ղուրուշ ամսական տալը անոնց սակավապետ ընթացքը խանգարել է, և թե անոնց երկու հազար ղուրուշ բավական Է։ Աստվածնե՜ր, քիչ մը շնորհ ալ տվե՛ք Նոր Դարին։

Երեքտասաներորդ՝ քովես քալողներուն ըսեք, որ աղեկ քալեն և իրենց լասթիքներովը զիս վերեն վար ցեխի մեջ չթաթխեն։

Հաճեցե՜ք ընդունիլ, աստվածնե՜ր, խորին անգործությանս հավաստիքը, որով մնամ առանց առևտուրի ամենախոնարհ՝

ԹԱՏՐՈՆ