Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այո՛, Արիֆն ու Քյոսե քենյան իբրև անբարոյական, հակազգային խաղեր հարվածեցինք, մեծապատիվ Մելիքյան էֆենտին մեր հարվածներն իրավացի զատելով, ինչպես որ են, հայերեն խոսքերը Քյոսե քենյայեն արտաքսեց², անբարոյական խոսքերն ալ Արիֆեն աքսորեց ի Միմոս, ուստի այս մասին Միմոսին մեզի ըրած հայհոյություններուն կեսը Մելիքյան էֆենտիին կը վերաբերին. ասոր համար Միմոս պարտավոր է մեծապատիվ Մելիքյան էֆենտիին դիմել և զայն համոզել թե այդ խաղերն յուր առջի վիճակնուն մեջ անբարոյական չէին։ Բայց աս ալ չպիաի կրնա ընել, որովհետև յուր անցյալ շաբաթ ավուր թվույն մեջ ըսել ուզեր էր, թե անցյալ տարի Քյոսե քենյային բերնին մեջ չգտնված անբարոյական խոսքերն այս տարվան Քյոսե քենյայի բերնեն լսեր է և ասոր համար վարչության ուշադրությունը հրավիրելով ավելցուցեր էր, թե յուր թատերաբեմն Վարդովյանի թատերաբեմին չնմանցնե։

Այս տարի Քյոսե քենյան ներկայացնողն պարոն Նալյանն է և այս դերասանը Վարդովյանի թատերաբեմին վրա բնավ խաղեն դուրս խոսք մը ըրած չէ, ուստի ըսել կըլլա, որ այն անբարոյական խոսքերն Քյոսե քենյային մեջ առաջուց ի վեր կան եղեր, բայց անցյալ տարվան Քյոսեն՝ մասը աղեկ սորված չըլլալուն համար, այդ խոսքերն անցած պիտի ըլլա։

Պարոն Միմոս, նախ և առաջ սա սորվե՛, որ քննադատ մը դերասանի մը ձևերն կրնա քննադատել, իսկ դերասանի մը բերնեն ելած խոսքերուն քննադատությունը հեղինակին կուղղվի, քանի որ աս լռություն կը պահե և դերասանին դեմ չբողոքեր ինքնիրմե խոսքեր ավելցուցած ըլլալուն համար։ Արդ, քանի որ Միմոսն ալ ըրած է մեր ըրած դիտողությունն, ըսել կըլլա, թե Միմոսին մեզի ըրած հայհոյությանց կեսն ալ իր բաժինն է։ Տեսա՞ր Միմոս, րոպեի մը մեջ երկու բաժանորդ գտանք ըրած հայհոյություններուդ։

Անցնինք մյուս կետին, որով կը հայտնե՝ թե «Թատրոնը Լա պել էլենն, Լա Ֆիյլ տը մատամ Անկոն իբրև ազգային ու բարոյալից խաղ դսրովեր է»։

Մենք բնավ այդ խաղերն իբրև ազգային ու բարոյալից դսրոված չենք, կերևա որ մեկ ուրիշ թերթ մը զանոնք դսրովեր է իբրև բարոյալից ու ազգային խաղ։ Ըսելու է այդ դսրովող հերթին, որ մեյ մալ չդսրովե բարոյալից խաղ մը. բայց ինչո՞ւ պիտի դսրովե բարոյալից խաղ մը։ Չըլլա որ Միմոս դսրովել բառը վեր բռնել, ջատադովել հասկցած ըլլա։ Ատոր տարակո՞ւյս կա... ո՜վ դսրովություն դսրովությանց...