Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վանա մեջ վաճառականություն ընելը։
Առանց խաթըր կեոնյուլ նայելու լրագիր հրատարակիչը։
Առանց կարմիր խավյարի հույներուն մեծ պահք գալը։
Ամեն խնդիրներու մեջ Հունաստանի չեզոք մնալը։
Անձնվիրություն չունեցող մարդ մը գտնելը։
Հինգնոց թուղթ մը ավրել տալը։
Գաղղիացի ըլլալ և գինի չխմել։
Անգղիացի ըլլալ և հարսնիքի մեջ անգամ ծանր չկենալը։
Ռուսիացի կին ըլլալ և գեղեցիկ դեմք ունենալը։
Հույն ըլլալ և չպարելը։
Հայ ըլլալ և հպատակած տերության հավիտյան հավատարիմ չմնալը։
Առանց էսեֆենկիզ հալի Մանզումե մը։
Երիտասարդ մը առանց հարուստ ըլլալու 25 տարեկան հասակին մեջ ամուսնանալը։
Ամուսնանալեն առաջ աղջկան մը սիրտը լիովին հասկնալը։


ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱԶԴ ՄԸ

— Ի՞նչ կը խորհիս կոր, Խիկա՜ր։

— Կետիկ փաշայի թատրոնի տնօրենության բռած ընթացքին վրա։

— Ի՞նչ կընե կոր։

— Ի՞նչ պիտի ընե, առջի օրը Պոլսո փողոցներուն պատերուն վրա աղդերը չտեսա՞ր։

— Չտեսա։

— Կարդամ, մտիկ ըրե՛ «Հրամանավ ամենապատիվ սրբազան Պատրիարք հոր և ընդ տնօրենությամբ Խրիմյան սրբազանի, ի նպաստ Վանա հրկիզելոց, Հավատք, Հույս, Սեր և այլն»։

Ի՛նչ հարկ կա «Հրամանավ ամենապատիվ սրբազան Պատրիարք հոր» գրելու, օրացո՞ւյց կը տպենք կոր։

— Աղեկ որ «Ի Հայրապետության Տյառն Գեորգա Կաթողիկոսի» չէ գրեր։

— Բայց, ինչպե՞ս կ՝ըլլա, որ Պատրիարքարանը քավազները չղրկեր այդ ազդերը պատռելու. Սրբազան Պատրիարքի հրամանավ