Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկն ալ տեսա, որ բանթալոնին բաչաները բալթոյին թև կանցուներ կոր, ուրիշ ինչ կուզես, որ ըլլա։

— Ատ ըսածներդ ավելի շռայլության արդյունք են, քան թե աղքատության. մարդ ըսածդ քիչով գոհ ըլլալ սորվելու Է։

— Երիտասարդ և ծեր, ամենքը պարապ կը պտըտին կոր. եթե ես երեսփոխան մը ըլլայի, կառաջարկեի նախ՝ որ պարապ պարտողներուն մեյ մեկ գործ գտնվի։

— Աղեկ որ երեսփոխան չես եղեր, վրադ կը խնդային։

— Ինչո՞ւ պիտի խնդային. Ալի Սուավի Էֆենտիին պես ստուգաբանություն չեմ ըներ կոր ա՛, ժողովուրդը երբ գործ չունի, երկիրը պտուղ չունենար։

— Գլուխ կը ցավցունես կոր։

— Ինչո՞ւ, պիտի գլուխ ցավցնեմ եղեր. Լրագրի պես գուշակությո՞ւն կընեմ կոր։

— Ամեն թերթիդ մեջ ալ Լրագրին գուշակությունը անպատճառ հիշելու ես։

— Ան ալ ամեն թերթին մեջ գուշակություն կընե կոր։ Ըսածս կը կրկնեմ, ամեն բանե առաջ Ժողովրդյան վիճակը բարվոքելու է. հոս կամ գավառաց մեջ գործարաններ հաստատվելու են։

— Սահմանադրությունը հարկավ ատ բաները կը խորհի։

— Գոնե մինչև որ սահմանադրությունը ան բաները խորհի նե պարտը ունեցողները չբանա արկվին։

— Դուն ալ պարտք ունեցողներո՞ւն ատենապետն ես, ինչ ես։

— Ատենապետը չեմ, բայց այս երկրին համար ատ օրենքը իմ աչքիս խիստ կերևա կոր։

— Պարտք ունեցողները փառավոր տուներու մեջ, պալատներո՞ւ մեջ դնենք, ի՞նչ ընենք։

— Արդարությունը այդպես կը պահանջե, քանի որ իրենք ո՛չ հեղինակ են, ո՛չ ալ պատասխանատու այդ հանցանքին, որու համար կը պատժվին։ Մնաք բարով։

— Երթաք բարով։


ԽԻԿԱՐԻՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈԻՆԸ

— Խիկար, հոգնած կերևաս կոր։

Այո, Պոլսո բոլոր թաղերը պտտեցա, որ դպրոց մը գտնամ