Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսա՞ր հիմա, դսրովաբան Միմոս, ամչցար նե քիչ մը անդին գնա՛, գնա՛ որ երեսնուս նայելով չկարմրիս.․․ իրավ կարծեց և կերթա կոր ալ, հոս եկո՜ւր, ո՞ւր կերթաս կոր, հարգոյապատիվ դսրովախոս. հոս դեմս կայնե՛ նայիմ, քիչ մ՝ալ զվարճանամ ու վերջը գնա՜։

Դուն առանց կարողությունդ չափելու ելեր դերասանաց վրա ալ քննադատություն ընել ուզեր ես և միայն պարոն Սերովբյանին հավներ ես։ Պարոնայք Ռշտունի, Նալյան, Փափազյան, Սիսակ, Ա. Ռշտունի, Չափրաստ և այլն ասոնցմե մեկն ըլլա, քեզի հավնեցնելու բան մը չկրցա՞ն ընել, չէ նե՝ ըրին ու դուն չհասկցար, չէ նե զքեզ դսրովեցին մի։

Ըսե՛, եղբայր դսրովաբառբառ, ինչո՞ւ չգիտցած բաներուդ մեջ կը մտնաս և երգիծաբանության փափուկ արվեստը այսպես դսրովելով կը դսրովես:

Մեծադսրով Միմոս, կ՝ըսես, թե ամեն տեղ լրագիրք կողմնակցություն կընեն, ամոթ չէ, բայց ինքզինքնին չեն նվաստացներ և այս կերպով կը խրատես զիս, որ կողմնակցություն ընեմ։ Շնորհակալ եմ քու տված խրատեդ, բայց ես ամեն տեղ չեմ, որ ամեն տեղի լրագրաց պես կողմնակցություն ընեմ։

Եթե այս խաղերուն վրա, դիտողություն ընելով Վարդովյանի կողմնակցություն ըրած կըլլամ, ըսել կըլլա, թե Մելիքյան էֆենտին ալ իր խումբին թշնամի է ու Վարդովյանի կողմնակից է, որ իմ դիտողություններս նկատողության առավ։

Ո՜վ դսրովաբույր Միմոս, կը տեսնես, որ բոլոր փաստերդ տղայոց խաղի թուղթերն շինած բերդերուն պես մեկ փչումով իրարու ետևե կը կործանին կոր։

Դսրովակորով Միմոս, ինձ կը հարցնես, թե ինչո՞ւ կը պաշտպանես Վարդովյանը, որուն հակակիր է ժողովուրդը։ Ո՞վ ըսավ քեզի՝ թե հայ ժողովուրդը հակակիր կըլլա այնպիսի անձի մը, որ ամեն թշվառություն, տառապանք, հալածանք կրելով՝ կործանյալ թատրոն մը վերականգներ, այս անվհատությունը այնչափմեծ առաքինություն մէ, որուն առջև մյուս թերություններն այնչափ նշանակություն կրնան ունենալ, որչափ որ Միմոսը երգիծական աշխարհին առջև, և եթե իրոք հակակիր է ժողովուրդը՝ պիտի աշխատիմ, որ այդ հակակրությունը համակրության փոխվի։

Հաշիվնիս հոս կը լմննա, վսեմադսրով Միմոս, ա՜լ կրնաս երթալ, և հայհոյությանցդ տոպրակը շալկելով առջևս թափել, միայն կը խրատեմ, որ այս անգամ բաբուճներդ աղեկ մը հագնիս, որ անցյալ տարվան պես փախած ժամանակդ զանոնք հրապարակ չձգես։