Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճամբան բռնեց։ Ըսելիքս սա է որ, եթե հարուստներեն ոմանք ազգային գործոց մեջ իրենց շահը կը փնտրեն նե՝ ինձի պես հարուստ չեղող մարդ մը ինչպես յուր շահը չփնտրե։ Ես ալ կը փափագեի, որ ոսկերչությանս մեջ մնայի և ձրիաբար աշխատեի ազգին. բայց ի՛նչ ընեմ, ոսկերչության վիճակը գիտես, չապրվիր կոր, տղա՛ս...

— Ազգային գործեր չըլլային նե ինչո՞վ պիտի ապրեիք դու և ըսածներդ։

— Ես ալ ան կը մտմտայի կոր առջի օրը... բայց ան թողունք հիմա։ Ազգին երեսեն ստակ վաստկելով մարդ եղողները ես և իմիններս չենք — իմ վիճակս արդեն հայտնի է — այդ ըսածներս են, որ երբեմն ազգին շահերը ծախելով... դուրսը մարդ չըլլա՜...

— Կարճ կապե՛, հասկցա։

— Դու բարեմտաբար խորհելով կը կարծես, թե ազգային գործերու մեջ գտնվողներուն ամենն ալ անձնանվեր, անշահասեր են, և ես, մինակ ես, խեղճ Քրիստոստուրս, ազգային գործերու շնորհիվ կապրիմ... և ի՛նչ ապրիլ... Հատ մը կը խմե՞ս։

— Շնորհակալ եմ, չեմ ուզեր։ Բայց դուք շատ անգամ ձեր շահուն համար խնդիրներ կը հարուցանեք։

— Սխալ է, ես ավելի կրքոտ և համառ մարդ մեմ, քան թե չահասեր. կուզեմ որ իմ ըսածս ըլլա բայց միթե ուրիշներ չկա՞ն, որ միմիայն ազնվականությունը պաշտպանելու համար ազգին մեջ վեճ կը հարուցանեն։

— Ազնվականությունը պաշտպանելո՞ւ համար ըսիր, ազնվականություն մի...

— Գիտեմ, որ Տ. էֆենտի Ե... ի խնդրեն ի վեր հասկցար, թե գաս մը մարդիկ ինքզինքնին ինչպես գերբնական էակներ կը կարծեն և ուրիշներու վրա իշխանություն ունենալ կերազեն։

— Իրավ է, կը զզվիմ այդ տարօրինակ ազնվականներուն վրա նայելու, բայց կը հարգեմ բուն ազնվականները, որք հարուստներու և աղքատներու մեջ ալ կրնան գտնվիլ։

— Եվ ահա Վարչությունը այս անգամ այս նպատակով է որ, Ղալաթիո նորաշեն վարժապետանոցը Պատրիարքարան ընել կուզե կոր. եթե Ս. Փափազյան ըսեր, թե այս շենքը Պատրիարքարան պիտի ըլլա՝ այն ատեն ալ վարժապետանոցի պետք ունինք պիտի ըսեին։

— Բայց Վարչության անդամները բարի մարդիկ են... և կարծեմ, որ դուք պատճառ տվիք անոր քիչ մը խստությամբ վարվիլ ձեզի հետ։