Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընթերցողաց գալով անոնց ալ կըսենք, որ ակռանին քիչ մը սխմեն ու չմեռնին մինչև ցնոր կարգադրություն Կրոնական ժողովո։


ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ «ԹԱՏՐՈՆԻ» ԾՆՆԴՅԱՆ

Այսօր Թատրոն յուր երեք տարին լրացունելով չորրորդին կը թևակոխե։

Այսօր Թատրոն ճիշտ երեք տարեկան կըլլա ըստ էրիկ մարդոց և մեկ ու կես տարեկան՝ ըստ կանանց, որ սովորություն ունին տարիքնին կես առ կես զեղչելու մեր թղթերուն տոկոսներուն պես։

Թատրոն երեք տարու մանուկ մէ, բայց այն մանուկներեն, որոնք համբուրելու համար եթե գիրկդ առնես՝ երեսնին թթվեցունելով լալ և պոռալ կսկսին։ Թատրոն այն մանուկներեն է, որք անոր ասոր թաքլիտն ընելով այսինքն անոր ասոր նկարագիրն ներկայացունելով իրենց վրա, և երբեմն ալ մեկուն մորուքը քաշելով, մյուսին պեխերը փրցունելով ամբողջ ընկերություն մը կը զվարճացնեն։

Թեպետև Թատրոնը ասանկ սիրուն տղա մէ, բայց և այնպես քանի մը անձերե բավական ապտակված է։

Ինչո՞ւ այդ մարդոցմե ապտակվեցավ Թատրոն, ի՞նչ էր հանցանքը։

Պատճառը պարզ է։

Այդ քանի մը անձերը Թատրոնը որպես թե շոյելու համար գիրկերնին առած ըլլալով Թատրոնն ալ, որովհետև տղա մէ, չկրնալով ինքզինքը բռնել՝ անոնց պեխերը քաշեց։ Ասոր վրա անոնք ալ սրդողելով ապտակեցին խեղճը։

Եվ սակայն չվհատեցավ, իր սկզբանցը մեջ անսասան, ընթացիցը մեջ հաստատ, խղճին առջև համարձակ, արհամարհեց այդ ապտակները և ըսավ այդ քանի մը անձանց.

«Քանի որ ես տղա եմ, իմ խաղալիքս ըլլալե չպիտի դադրիք զամենայն ավուրս կենաց իմոց»։

Այս ըսելով կսմթեց, ապտակեց, ինչ որ չար էր, տգեղ էր, անօգուտ էր. իսկ շոյեց և համբուրեց ինչ որ գեղեցիկ էր, բարի էր և օգտակար էր։

Ահա այս անփոփոխելի նշանաբանով է, որ Թատրոնն էր մտնե այսօր ալ չորրորդ շրջանին, հրապարակավ շնորհակալություն հայտնելով այն ամեն անձանց, որ իրեն մեծնալուն համար