Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ՄԻՄՈՍ» Ի ԹԱԿԱՐԴԻ

Միմոս իր դսրովելի տգիտությունը խոնարհաբար խոստովանելով Թատրոնեն ներումն խնդրելու տեղ չորեքշաբթի օրվան թղթովը կոկորդը պատռելով կը պոռա թե՝ ես հանցանք չունիմ, հանցանքը գրաշարներուն է, որ չդսրովելը կը դսրովե, անբարոյականը՝ բարոյալից ու հակազգայինը ազգային շարեր են...։

Կախելու է Գաֆաֆյանի այդ թշվառական գրաշարներն¹, որ այսպես սխալներ ընելով մեծապատիվ Հակոբ էֆենտի Հաճյանի գրագիտությունն աշխարհի առջև ծաղր ու ծանակ կընեն...։

Միթե կարելի՞ բան է, կը հարցնե Միմոս, որ մարդ մը դսրովել բառը գիտնա և նշանակությունը չգիտնա։


ԴԱՐՁՅԱԼ ԴՍՐՈՎԱԽՈՍՆ

Դսրովախոս զվարճաբանը վերջապես զգալով յուր տկարությունը, երրորդ անգամ չձերբակալվելու համար հայերեն լեզուն մեկդի դրավ ու տաճկերեն լեզվավ սկսավ յուր թատրերգական տաղանդը փայլեցունել․ դսրովախոսնիս տաճիկ եղավ։

Անցյալ շաբաթ գիշեր Կետիկ փաշայի թատրոնը¹ գացեր է եղեր, ան գիշերը հոն ալքը մուխարիր² մը կա եղեր—եթե ինքը խմբագիր կոչվելու արժանի ըլլար, կըսեինք, թե աչըք մուխարիրն ինքն է, որովհետև նույն գիշերը իրմե զատ խմբագիր չկա եղեր թատրոնին մեջ — այս ալըք մուխարիրին երեսը նայեր է եղեր, այս ալըք մուխարիրն ալ կարմրեր է եղեր, խաղին մեջ համբույր կա եղեր, Հակոբ Հաճյան ալ քննադատ է եղեր և Ժիրոֆլե Ժիրոֆլայի վրա դատողութիւն ըրեր է եղեր։

Մարդ մը, որ սրճարաններու մեջ լսածը իբրև զվարճախոսություն հրատարակել վարժված է, մարդ մը, որ լեզու մը չգիտեր, որ ան լեզվով միտքը հասկցնե, մարդ մը, որ բան չգիտեր, որ անոր վրա խոսի, մարդ մը, որ մեյտան օյունի մը անգամ քննադատելու անկարող է, մարդ մը, որ կյանքին մեջ գիտցած չէ՝ թե ի՞նչ է օբերա քոմիքն ու ոբերա պուֆն, անցյալները ելեր, Լա պել էլենն դսրովեր էր և հիմա ալ ելեր է Ժիրոֆլե Ժիրոֆլան³ կը դսրովե:

Հաջողություն կը մաղթենք իրեն և նաև կը խնդրենք Բոլիշինելեն որ Միմոսին այդ դիտողություններն յուր թերթին մեջ հրատարակե, որպեսզի իմանան ազգք և ազինք, որ հոս Հակոբ Հաճ-