Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղջիկը․ — Ի՞նչ ըսիք, պարոն։

Երիտասարդը. — Ըսի որ, սա պարտեզը շատ աղվոր է, կուզե՞ք որ մեկտեղ պտըտինք։

— Սիրով կ'ընդունիմ, կեցիր հայրիկս ալ կանչեմ։

— Ինչու՞։

— Մեզի հետ մեկտեղ գա. ճամբուն վրա գտնված բույսերուն անունները մեկիկ մեկիկ կըսե քեզի։

— Պարապ տեղը աշխատ մի՛ առնեք հայրերնիդ։

— Դուք ալ աղեկ դիտե՞ք բուսաբանությունը։

— Չէ, բայց կրնամ հաստատել, թե սա բանը աղվոր է, բայց չեմ հոգնիր հասկնալու համար, թե որ ընտանիքին կը վերաբերի։

— Քիչ մը ասդին քալեցեք. ծաղիկներուն վրա կը կոխեր կոր։

— Ա՛հ... ծաղիկներուն վրա... ա՛հ... մինչդեռ ես իմ ներսիդիս կ՝զգամ որ...

— Ինչ, անհանգի՞ստ եք։

— Ա՛հ, եթե զգացած ցավս ձեզի հայտնելու համարձակեի...

— Ինձի չեք կրնար ըսել նե մորս ըսեր։ Մայրիկ։

— Չէ՛. չէ՛, մի կանչեր, անհանգիստ չեմ, շատ աղեկ եմ։

— Ատ ինչ է. իմ թաշկինակովս կը սրբվիր կոր, ես ալ երկու մամե իվեր թաշկինակս կը փնտրեմ։

— Այո՛, արդարև... ձերինը առի...

— Ինչու՞ չըսիր, թե տունը մոռցա. եղբայրս թաշկինակ մը կուտար քեզի։

— Ով պաշտելի միամտություն։


ԱՊԱԳԱ ԱՆԵՐՈՋ ՄԸ ՀԵՏ

Աները. — է՛հ, բարեկամ, ասոնց հետ սրճարան չե՞ս երթար։

— Աստված չընե։

— Կը նայիմ կոր որ, չես երթար կոր գարեջուր, կամ օղի խմելու։