Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ա՛հ. պարկեշտ մարդ մը ի՞նչ գործ ունի անտեղվանքը:

— Գոնե դիպվածով մեկ անգամ մը...

— Ո՛չ, ո՛չ, մարդս իր սկզբունքին դեմ վարվելու չէ։ Ժամանակ կորսնցնել, ստակ մսխել, առողջության վնասել. ահավասիկ ասոնք են զբոսարան երթալու տխուր հետևանքները։

— Անանկ է նե հետո ջուր պիտի տաս պարտեզին. անանկ չէ։

— Անշուշտ։

— Բայց ատով քիչ մը կը ձանձրանաս։

— Ընդհակառակն՝ շատ հաճելի և շատ առողջարար զբոսանք մ՝է. ձեզի նայելով՝ պիտի համոզվիմ, որ աշխատությունը մարդս կը զորացնե և միտքը կընդարձակե։

— Իրավ է։ Կը տեսնամ, որ գլուխնիս իրարու հարմարեցավ: Եվ որովհետև գեղջկական աշխատություններուն ճաշակ ունիք, բանջարեղեններուն ջուր տալեն ու պարտեզին ճամբարները ջրելեն ետքը կերթանք վարդերու վրայի որդերը կը ժողվենք կուզեք նե։

— Կուզեք նե խո՞սք է. ես հիմա պիտի ըսեի, որ երթանք սա որդերը ժողվենք։ Սիրուն մարդու մը հետ վարդերեն որդ ժողովելու պես անուշ բան չկա գեղջկական կյանքին մեջ։

(Մեկուսի) Սքանչելի տղա մէ․ Քաթիկը շատ երջանիկ պիտի ըլլա։


ԲԺԻՇԿՆ ԻՐ ՅԱՃԱԽՈՐԴԻՆ ՀԵՏ

Բժիշկը․ — Թողություն կընեք, շատ զբաղած եմ, վայրկյան մը միայն կրնամ ձեզի զոհել։

Հաճախորդը․ — Իրեք անգամ եկա. շատ կը փափագեի ինքզինքս ձեզի ցցունել։

— Ի՞նչ ունիք։

— Չգիտեմ. շաբաթե մը իվեր է, որ աղեկ չեմ։ Շունչս չեմ կրնար առնել, ջերմ ունիմ. չեմ կրնար քնանալ։

— Բազկերակներդ նայիմ... այո՛, ջերմ ունիք. լեզուդ նայիմ... ա՛, լեզուդ աղեկ չէ. սա հագուստդ հանե նայիմ (ականջովը մտիկ կընե և վերջը կսկսի խորհիլ)

— Նայեցա՞ք.

— Այո՛. կարծեմ, թե շունչ չեք կրնար կոր առնել, այնպես չէ՞։

— Այո՛։

— Կը պնդեմ, որ չեք ալ կրնար կոր քնանալ։

— Ճիշտ։

— Ծանր է գործը։