Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ խորհուրդ կուտաք։

— Հը՛։

— Մարմինս քիչ մավելի աշխատցնեմ նե ի՞նչպես կըլլա։

— Անշուշտ աղեկ կըլլա. երբ մարմինը շարժման մեջ է, հարկավ աղեկ է։

— Մաքրողական դեղ մը առնեմ նե։

— Շատ աղեկ խորհեր եք. ի՞նչ մաքրողական պիտի առնեք։

— Որոշած չեմ տակավին։

— Աղեկեն առնելու ես։

— Փեհլիվան յագըսի փակցունելու միտք ունեի աս առտու։

— Փեհլիվան յախըսի... ընտիր գաղափար։

— Ի՞նչ մեծությամբ ըլլալու է։

— Սովորական մեծությամբ։

— Ավելի մեծ ըլլա նե։

— Ավելի աղեկ ա։

— Ի՞նչ պիտի տանք ձեզի։

— Կես ոսկի։

— Հրամմեցե՛ք. ո՛հ... աղեկ ըլլամ տե...

— Հանդարտ եղեք։

— Ծառա եմ... ընելիքներս ասոնք են, ուրիշ բան մը չկա՞ լա։

— Այո՛, չկա (մինչև դուռը կ՝երթա)։ Նորեն եկուր զիս տեսնելու։


ՊԱՐՏԱՏԵՐԻ ՄԸ ՀԵՏ

Դու. — Սիրելի բարեկամ, ես ալ քեզի կը փնտրեի կոր։

Պսւրտատերը. — Ստակ ունի՞ս։

— Բնավ չունիմ. ուստի, քանի որ դուք իմ նախախնամությունս եք...

— Ներեցեք. ադ խոսքերը շատ լսեցի. այսօր անպատճառ բան մը տալու ես։

— Տղա՞ ես, ինչ ես.

— Տղա մղա չիյտեմ։

— Ատոր խոսքը գոցե։

— Չեմ գոցեր, մանավանդ թե ընկալագիր մալ պատրաստած եմ, որ տալիք ստակդ մեջը գրեմ, ստորագրեմ ու քեզի տամ։

— Քանի՞ ղուրուշի է ընկալագիրը։

— Հինգ ոսկիի։