Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՅՈՒՐ ԿՆԿԱՆԸ ՀԵՏ

— Տիկին, այսօր կուզե՞ս Բերայի պարտեզը երթալ ու պտըտիլ։

— Կնիկը. — Ատ ալ խո՞սք է, հարկավ կուզեմ։

— Չեմ կրնար բացատրել, թե որչափ կը փափագիմ քեզի այսօր հոն տանելու, բայց կը վախնամ, որ օդը...

— Օդը շատ աղեկ է, երկինք չնայի՞ս, ամպ մը անգամ չկա։

— Ատոր ի՞նչ կը նայիս, կրնա ըլլալ, որ շուտ մը փոխվի։ Ծանրաչափը ի՞նչ կըսե նայինք։

— Օդը ճպիտի ավրվի կըսե կոր։

— Այս ծանրաչափն ալ կարծեմ աղեկ չէ, քանի մը անգամ խաբեց մեզի։ Կուզես նե կը տանիմ, բայց վերջեն անձրև գա ու վրադ գլուխդ թրջի նե չեմ խառնվիր, հագուստներդ չես ցավիր նե։․․․

— Ի՞նչպես չեմ ցավիր, դեռ նոր են։

— Անանկ է նե տունը կեցիր։

— Ի՞նչ ալ աղեկ կը խոսիս, տունին մեջ նստինք ինչ ընենք։

— Ես պիտի երթամ։

— Պիտի երթա՞ս մի։

— Ինձի համար ավելի աղեկ էր տունը մնալ, մանավանդ քեզի հետ, բայց պարոն Մկրտիչին հետ ժամադիր եղած ենք, գիտեմ, որ երթամ նե պիտի ձանձրանամ, բայց ի՞նչ ընեմ, կարևոր խնդիրներու վրա պիտի խոսինք, պետք է որ երթամ։

— Բերայի պարտեզին մեջ կարևոր ի՞նչ բանի վրա պիտի խոսիք։

— Իրավունք ունիս. բայց ի՞նչ ընեմ, ստիպված եմ երթալու, մնաք բարով, սիրելիս, իրիկվան գամ նե քեզի կը պատմեմ պարտեզին մեջ տեսածներս ու լսածներս և դուն ալ գացածի պես կըլլաս։

— Օ՜հ...

— Մնաք բարով։


ԲԱՐԵԿԱՄԻ ՄԸ ՀԵՏ. ՈՐ ՀԱՆԴԻՄԱՆՈԻԹՅՈԻՆ ՄԸ ԸՆԵԼՈՒ

ԵՎ ՄԱՆԱՎԱՆԴ ԱՌՆԵԼԻՔԸ ՈԻԶԵԼՈԻ ԿՈՒԳԱ

Դա. — Բարի լույս, շատ ուրախ եմ քեզի տեսնելուս։

Բարեկամդ — Ես այնչափ ուրախ չեմ։

— Ներս մտեք, հրամմեցե՛ք, նստեցե՛ք։ Տունը ի՞նչպես են. տիկինը, զավակներդ աղե՞կ են։