Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գեշ չեն. բայց իմ ըսելիքս...։

— Հո՞ս կը նստիք, թե գեղը...

— Ներեցեք. կուզեք...

— Գեղն ալ երբոր մարդս բարեկամ չունենա՝ կը նեղանա, բայց կարծեմ որ դուք բավական եկող գացող կունենաք։

— Կուզեի որ...

— Պզտիկը միշտ խաշարի է, չարաճճին։

— Այո՛, խաշարի է, բայց իմ գալուս պատճառը...

— Քիչ մը պտըտիլ և զբոսնուլ է կարծեմ, տիկինն ալ հետդ բերեիր նե աղեկ կընեիր։

— Խնդիրը հոս չէ։

— Ի՞նչ, պտըտիլ, զբոսնուլ չե՞ս սիրեր։

— Ներեցեք, կը...

— Թերևս ուրիշ մը կ՝ուզեիք հետերնիդ առնել, ներեցեք, ձեր գաղտնիքներուն չեմ ուզեր ծանոթանալ։

— Չաղաչեմ. ստիպողական գործ ունիմ, թող տուր որ սա մեր գործին վրա...

— Այսչափ ստիպողակա՞ն է։

— Այո՛, իննուկեսին շոգենավին պիտի հասնիմ։

— Ժամը դեռ ինն է, և կրնաք...

— Ո՛չ կուզեի...

— Նավակով մ՝ալ կրնաք երթալ։

— Կաղաչեմ...

— Տեր ողորմյա...

— Շոգենավը պիտի փախցունեմ։

— Անանկ է նե աճապարե։ Ի տեսություն, կը ցավիմ, որ չկրցինք քիչ մը երկարորե տեսնվիլ, բայց կը հուսամ, որ ուրիշ անգամ... շուտ ըրե, շուտ, շոգենավին հասնիս։


ՄՈՐԱՔՐՈՋ ՄԸ ՀԵՏ, ՈՐՈԻՆ ՄԻԱԿ ԺԱՌԱՆԳՈՐԴՆ ԵՍ

— Ասկից երթանք սիրելի մորաքույրս, անդիի ճամբան շատ երկար է։ Արդեն ալ հոգնած եք։

— Այո՛, շատ հոգնած եմ։

— Վնաս չունի... տեսնաք հիմա ախորժակնիդ որչափ պիտի բացվի։

— Ո՞ր ճամբեն պիտի երթանք։

— Շիփ շիտակ։