Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչպես շիփշիտակ..․ ջութը ինչպես պիտի անցնինք դիմացը։

— Տես, տախտակ մը կա ձգված, անոր վրայեն կամացուկ մը կանցնինք։

— Տեր ողորմյա, ես կրնա՞մ անցնիլ։

— Կեցի՜ր, ես անցնիմ... (անցնելին վերջը) տե՛ս, բան մը չէ. անցեք։

— Գետինը անցնելու տախտակեն ի՞նչպես պիտի անցնիմ.․․ ա՜յ. ա՛յ... ձեռքդ երկնցուր գոնե, որ․․․

— Չեմ կրնար, դուք արդեն ծանր եք, ես ալ տախտակին վրա ելլամ նե տախտակը երկուքնիս մեկեն չկրնար վերցնել, կը կոտրի և ետքը...

— Մինչև տախտակին կեսը գալե՞ս վերջը կ՝ըսես ատ խոսքը․․․ ա՛յ․ ա՛յ. ա՛յ... ճանըմ, ինչու՞ համար ոտքովդ տախտակը կը շարժես կոր։

— Որպեսզի չիյնա տախտակը...

— Չեմ կրնար... ա՜հ...

— Քալե։

— (Ջուրը կիյնա) օգնություն, կը խղդվիմ կոր...

— Մի՛ վախնար սիրելի մորաքույրս, մի՜ վախնար, քաջություն ցցունելու ժամանակն է։

— Ի՞նչպես չի վախնամ... կը խեղդվիմ կոր...

— Ի՞նչ ըսիր։

— Ո՜հ... Աստուծմե եղավ որ ծառի սա ճյուղը բռնեցի։

— Ծառի ճյուղը մի բռնեցիր... կեցցես... աղեկ բռնե, ես գեղ կ՝երթամ մեկը կը կանչեմ, որ գա օգնե մեզի, կես ժամեն կը դառնամ... չըլլա որ ճյուղը ձգես հա ... հոսանքը շատ է, կրնա ըլլա, որ քեզի առնե տանի։


ԿՆՈՋ ՄԸ ՀԵՏ. ԶՈՐ ՉԵՍ ՃԱՆՉՆԱՐ

Դու. — Ո՞րչափ ալ աղվոր եք։

Տիկին․ — ․․․

— Ոտքերդ ալ ո՞րչափ պզտիկ են։

— Ամուսիննիդ չատ երջանիկ է։ Ինչ ըսիք։

— Թերևս կարգված չեք։