Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՆԱՆԿԱՑՅԱԼՆԵՐՈԻՆ ԾԵԾ

Ժամանակավ մարդս ուզած ատեն հանդարտ սրտով կրնար սնանկանալ, բայց հիմա այնպես չէ, առաջուց աղեկ մը խորհելու է ու ետքը սնանկանալու է, որովհետև սնանկացողները՝ եթե հելլենացի են, աղվոր մը ծեծել կուտա կոր, մազերեն և մորուքեն քաշել կուտա կոր հելլենացոց հյուպատոսարանը։

Սթամպույի մեջ կը կարդանք, որ առջի օրը հելլենական հյուպատոսարանեն քանի մը մարդիկ կամուրջի վրա կեցած՝ նոր սնանկացած հույն վաճառականի մը կսպասեն եղեր։ Անկյալ վաճառականը կամուրջը ելնելուն պես՝ հիշյալ հյուպատոսարանի մարդիկը վրան հարձակեր են, և բռնցի հարվածնեը տալով մորուքեն, մազերեն քաշելով, ոտքերեն ձեռքերեն բռնելով վերուցեր և կառքի մը մեջ դնելով՝ շիտակ Բերա տարեր են հիշյալ հյուպատոսարանը։

— Ի՞նչ կըսեք այս դեպքին։

— Ի՞նչ պիտի ըսենք, մարդը անշուշտ զղջացավ սնանկանալուն վրա. եթե գիտնար, որ այսպես ծեծ պիտի ուտեր՝ ակռաները կը սեղմեր ու չէր սնանկանար։

— Թող այս դեպքը օրինակ մը ըլլա հույն վաճառականներուն և սնանկանալեն քանի մը օր առաջ հելլենականությունը թողուն և Օսմանյան հպատակ գրվին. մեր մեջ սնանկացյալներուն հետ ասանկ անգթաբար չեն վարվիր և իբրև անկյալ մարդ մը՝ շատ ալ պատիվ կընեն։

— Այդպես Է, մեր մեջ սնանկությունը կերպով մը քաջալերված Է, մինչդեռ հունաց մեջ վաճառականությունը ճնշման տակ է այս ծեծը իմանալեն ետքը, ո՞ր հույնը կրնա սնանկանալ... ասիկա պարզապես սնանկությունը սահմանափակել ըսել է։

— Այո՛, ի՞նչ գիտես, թերևս անոր համար կը ծեծեն կոր, որ սնանկանալե զգուշանան։

— Ծեծը ի՞նչ կրնա ընել...։

— Ի՞նչ մի կրնա ընել. մարդուս աչքը կը վախցունե և թող չտար, որ սնանկանա... աժան ապրանք առնել կուտա, սուղ ծախել կուտա. ուրիշին ստակովը շռայլ կյանք վարել չտար մարդուս... վերջապես ծեծը շատ աղեկ բան է, և ես կուզեի, որ այս դրությունը ամեն տեղ ընդունվեր, որպեսզի վաճառականներուն խելքը քիչ մը գլուխնուն գար և իրենց կարողութենեն վեր գործերուն մեջ մտնելով ուրիշներուն ստակները չուտեին։