Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատիվներ արատելու մասին, որով այդ ընտանյաց անդամներեն մին՝ յուր ընտանյաց վնասյալ կարծված պատիվն տեղը բերելու համար փոխանակ օրինավոր միջոցներու դիմելու մեր բարեկամներովն միույն վրա կը հարձակի սրճարաններու մեջ այսպես.

— Միմոսի մեջ այդ հոդվածը դուն դրեր ես։

— Ես չգրեցի։

— Ո՛չ, դուն գրեր ես։

— Ես բան դրած չունիմ, քեզի խաբեր են։

— Ո՛չ, դուն գրեր ես։

— Ի՞նչպես հասկցնելու է քեզի, որ ես գրած չեմ։

— Ինձի ըսին, որ դուն գրեր ես, եթե դու դրած չես, ո՞վ է գրեր ուրեմն։

— Ես ի՞նչ գիտ՛նամ։

— Քանի որ չգիտես, ապա ուրեմն դուն գրած ես. ինչո՞ւ գրեցիր։

— Ես չգրեցի։

— Քանի որ ուրիշ մը ես գրեցի չըսեր կոր, ըսել կըլլա, թե դուն գրեր ես։ Կը վայլե՞ քեզի, որ ասանկ բաներ գրես։

— Ես չգրե...

— Բայց ինչո՞ւ համար գրվի անանկ բաներ։

— Ես չգրե․․․

— Տունդ փայտ, ածուխ առե՞ր ես։

— Բավ է, պարոն, եթե ինձմե կասկած ունիս պետք եղած տեղը գնա՛, բողոքե՛։

— Տեղ մը չեմ բողոքեր և ահա ասանկ սրճարաններու մեջ կը հայհոյեմ։ Տունդ հաց առե՞ր ես։

Այս և ասոր նման անարգական խոսքերու վրա սրճարանի մեջ գտնվողներն տեսնելով մեր բարեկամին այսպես զրպարտվիլը և վիրավորվիլը, յուր ընդդիմախոսը համոզելով դուրս կը հանեն։

Ավելորդ է ըսել, որ մեր բարեկամը ավելի Միմոսի պես թերթի մը իբրև հոդվածագիր զրպարտվելուն վրա կը ցավի, քան թե յուր ընդդիմախոսին խոսքերեն, որովհետև պատվույն չձգեր Միմոսի պես թերթի մը բան գրել և արդարև, տաղանդի տեր մարդու մը հայհոյեւ է, ըսել իրեն՝ թե դուն Միմոսի մեջ հոդված գրեր ես։

Խասգյուղցիք, ինչպես որ կը լսենք, սաստիկ սրդողած են Միմոսին դեմ և կը պատրաստվին անոր դեմ դատ բանալու։ Մենք կը խրատենք զիրենք, որ դատ բանալու տեղ ավելի աղեկ կընեն եթե հիշյալ թերթին կարևորություն չտան և զայն գեղին մեջ չմտցունեն։