Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԺՂՈՒԿ

1882՞ թե 1880...

Ահա խիստ կարևոր հարցապնդում մը, որ բարեբախտաբար ժողովրդյան կուղղվի, եթե Ազգային վարչության ուղղվեր 1890-ին հազիվ կուգար պատասխանը։ Ա՛րդ, սիրելի ժողովուրդ, գեղեցիկ երազներով օրորված ժողովուրդ, այսօր տարեգլխուն առթիվ կը համարձակիմ քեզ հարցնել, թե այս երկու թվականներեն. ո՞րն շնորհավորեմ քեզ, մեր արդի կացության ո՞րն ավելի հարմար, ավելի վայելուչ կը դատես։

Գիտեմ, քու մհջդ կան այնպիսի անձեր, որ այս հարցապնդմանս վրա բարկանալով՝ պիտի պատասխանեն սա բառերով.

— Ատ ի՜նչ հարցում Է, ազգային լրջախոս լրագիրներուն պես դուն ալ պարտավոր չե՞ս 1882 թվականը շնորհավորելու, նոր տարվույն առթիվ խեղկատակությա՞ն պիտի ելնենք։

Ի՞նչպես հասկցնելու Է այդպիսիներուն, որ մեր լրջախոս մականվանյալ լրագիրներն իրենց լուրերն միշտ օտար թերթերեն կը քաղեն և միշտ անոնց արձագանքն լինելով՝ բնականաբար այն թվականը պիտի շնորհավորեին այն պատճառավ միայն, որ այդ թերթերն այն թվականն շնորհավորած են, եթե «Լևընթ Հերըլտ, Ֆատր տյու Պոսֆոր, Աթանպուլ» լրագիրները չլինեին՝ մեր ազգային-քաղաքական թերթերն ուսկի՞ց պիտի իմանային, թե նոր տարին մտեր է, հին տարին ելեր է․․․ մեր լրագիրներեն ո՞րն լրաբեր ունի։

Թողունք ուրեմն լրջախոս լրագիրները և լավատեսներուն դառնանք, որոնք անմիջապ ես պիտի պատասխանեն.

— Ազգն այս տարի շատ հառաջ գնաց, այնքան հառաջ գնաց, որ ո՛չ թե 1882 այլ 1890 թվական գրելու արժանիք ունեցավ։

Հոռետեսներն ալ իրենց կողմեն պիտի պատասխանեն.