Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ազդն այս տարի ետ գնար և 1882 թվական գործածելն պարզապես մեր վրա ուրիշ ազգերու ծիծաղն շարժելեն ուրիշ քանի չծառայեր. ուստի եկեք, խոհեմությամբ վարվինք և տարի մը ետ դառնալով 1880 թվականը գործածենք։

Երանի անոր, որ յուր չափին կը նայի և յուր կարողությանը համեմատ կը շարժի։ Հազա՜ր ապրի այն թերթերն (որ դժբախտաբար միշտ իրենց ծաղիկ հասակին մեջ կը մեռնին), որ ժողովրրդյան որուն կը ծառայեն, վիճակն մերկ կը ներկայեն։

Ընթերցող, ի՞նչ պիտի ըսեիր եթե օր մը տեսնեիր զիս փառավորապես հագված, մատներս մատանիներով ծածկված, ադամանդազարդ ժամացույցով և ծանրագին ոսկի շղթայով կուրծքս զարդարված, և չորս ձիերե լծված կառքի մը մեջ նստած, ի՞նչ պիտի ըսեիր, կաղաչեմ, մի քաշվիր, ըսե, տարակույս չկա, թե պիտի ըսեիր,— հարուստներու նմանելու փափագով պիտի սնանկանա.— և պիտի խնդայիր վրաս. ուրեմն, ինչու՞ դուն ալ նույն թերության մեջ կը գտնվիս և անգղիացվո, գաղղիացվո, գերմանացվո, հույնի և ուրիշ ազգերու, որք մեզմե անհամեմատելի կերպով բարձր են ամեն տեսակետով, թվականը գործածելու հանդըգնությունն է՝ ունենաս։ Ունի՞ս անոնց պես հարստություն, գիտություն, արհեստ, դյուցազնություն։ Ի՞նչ ունիս անցյալիդ մեջ, ի՞նչ կը վայելես ներկայիդ մեջ և ի՞նչ կը հուսաս ունենալ ապագայիդ մեջ՝ եթե այս ընթացքիդ մեջ հարատևես, այսինքն միշտ փափագիս, որ ինքզինքդ չճանչնաս։ Ի՞նչ պիտի ըսեիր, եթե քեզի ներկայեի ազգասեր մը, որ երբ զոհողության մը հրավիրվի տզրուկ մանգամ չուզեր փակցնել տալ յուր մարմնույն նվազ կարևոր մեկ կետի վրա. (վա՜խ հայրենասիրություն, վա՜խ)։ Ի՞նչ պիտի խորհեիր առատաձեռնության համբավին ետևեն վազող երևելի անձի մը վրա, որ մուրացկանի մը տալիք ողորմությամբը գրագետ մը անոթի կը մեռցնե և չորս հինգ ոսկիով պատմության մեջ պառկիլ կուզե։ Չպիտի՞ սրդողեիր, եթե տեսնեիր անձեր՝ որք ազգասիրության պատրվակավ իրենց քսակը միայն կը խորքին, հետևապես. չպիտի՞ խնդայիր երբ ասոնք Կարիպալտիի, Չարիֆիի և այլն գործածած թվականը կը գործածեն։ Պիտի խնդայիր անշուշտ, ուստի, մի՜ լար, եթե ըսեմ քեզ, թե մեր ազգը կարողություն չունի 1882 թվականն կրելու։ Հառաջադիմության համար մեր բոլոր անդամներն թմրած են բացի մեր լեզվեն. մեր բոլոր հառաջադիմությունն հողի, ջուրի, օդի ջերմության և ժամանակի միայն պարտավոր ենք, տասը տարեկան տանձենի մը մեզի չափ իրավունք ունի ըսելու․