Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ըսել է թե ուրբաթ օրերը միայն հիվանդանալու է այս գեղին մեջ։

Ամենապատիվ սրբազան Պատրիարքին հրաժարականն ամենուս հայտնի է։

Լրագիրներեն ոմանք ծանուցին թե պատրիարքական գերապատիվ փոխանորդ հայրն ալ հրաժարական տվեր է։

Պտըտած զրույցներուն նայելով Պատրիարքարանի գրագիրներն ալ կը պատրաստվին եղեր հրաժարելու։

Յասախճիներու համար թեև տակավին լուր մը չիկա, սակայն խիստ հավանական է որ անոնք ալ հրաժարին և Պատրիարքարանի դռները գոցելով բանալիներն դարբիններու տանին հանձնեն ի հաշիվ իրենց ամսականներուն։

Կեցցե ԿՈՒԶԵՆՔ։

— Պատվելի, դուն բնագիտության դասատու ես, որչափ ըլլա նե քու խելքդ մեր խելքեն վեր է, կրնա՞ս ինձի զրուցել, թե սա քոնսոլիտն ինչու համար կիյնա կոր։

— Պատճառն շատ հայտնի է։

— Ի՞նչ է։

— Այն, որ օդեն ծանր է, կիյնա և այն, որ օդեն թեթև է կը բարձրանա, ուստի քոնսոլիտը բարձրացնելու համար կամ օդը ավելի ծանրացնելու է և կամ քոնսոլիտն ավելի թեթևցնելու է։

— Քոնսոլիտն ի՞նչպես կը թեթևնա։

— Սիկարի թուղթեն շինվի նե կը թեթևնա։

— Ատ ըլլալու բան չէ, օդը ծանրացնելու ճամբա մի չիկա՞։

— Եթե ըլլար՝ հարկավ հարուստ սեղանավորներն կը մտածեին ատոր վրա։

— Ըսել է թե այս հաշվով քոնսոլիտն միշտ պիտի իյնա՞։

— Քոնսոլիտը բարձրացնելու համար ուրիշ միջոց մալ կա։

— Ո՞րն է։

— Պորսան ծովու վրա տանիլ, վասնզի ջուրն օդեն ծանր ըլլալով միշտ վեր կը տանի գոնսոլիտն։ Միայն թե պորսան ապահով տեղ մը դնելու է, որ չըլլա թե ռուս շոգենավե մը զարնվի, ծակվի և ծովուն տակը թաղվի։

— Ատոնք ըլլալու բաներ չեն։

— Անանկ է նե քոնսոլիտին բարձրանալն ալ ըլլալու բան չէ.․․ բնագիտական տեսակետով։