Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Արշակ, վարժապետդ այս տարի կաղանդ չեք ի՞նչ տվավ քեզի նայիմ։

— Սա թուղթր տվավ հայրիկ, կը պատասխանե Արշակ ընդունած պարգևն հորը տալով։

Հայրը թուղթին վրա հետևյալը կը կարդա․

«Մեծապատիվ աղա,

Հոգաբարձության հրամանավ կը փութամ ծանուցանել ձեզ, թե ձեր որդին Արշակ այսօրվնե սկսյալ վարժարանս չպիտի ընդունվի, այն պատճառավ, որ քանի մը ամիս է թոշակ բերած չունի։

Խնդրելով որ ընդունիք խորին հարգանացս հավաստիքն մնամ․․.

Կըսվի, թե այս տարի աշակերտներու մեծագույն մասն նմանօրինակ կաղանդչեքներով շնորհավորված են։


Վիճակագրական

1881 ի մեջ մահվամբ պակսածները.
Փարոս պատկերազարդ հանդեսն,
Հայոց Պատմություն տպելու ազատությունն։
Միացյալ ընկերությանց անդամոց ոմանց մեջ հիշյալ ընկերություններեն
անձնական շահ հանելու հույսն,
Հայկական խնդիրն,
Պարտատերներուն խղճմտանքը,
Պատրիարքարանի մուկերն (անոթութենե)
Վանա վարժապետանոցը,
Ազգային ժողովո գումարման կանոնավորությունն,
Վարժապետներու ներկայն,
էնֆիեճյանի Պատրիարք ըլլալու հույսը,
Ադրիանուպոլսո ազգայիններու առաջնորդ հավնեցնելու միջոցը,
Քում—Քաբուի միացյալ վարժարանաց բարեհիշատակ միությունն,
Շաբաթ իրիկունները դրամով տուն դառնալու բարի սովորությունը։
Կաղանդի առթիվ նվեր տալու նախապաշարումն,
Իրարու խոսք հասկնալը,
Առանց Պատրիարքարանի գիտության առաջնորդներու Պոլիս չբերվելու առանձնաշնորհությունն,
Տուներու մեջ խմելու ջուր գտնելու հույսը,