Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ՄԻՄՈՍ» ԿԱՏՂԱԾ

Նախորդ հոդվածն գրելնես ետքը ձեռվընիս անցավ Միմոսի չորեքշաբթի ավուր թուղթը, որուն Հակոբ Հաճյան անուն լեզվագետ խմբագիրն այս անգամ Սուլու-քուլեի լեզվով¹ խել մը տողեր մրոտեր է։

Չինկյանեներու գրագիտությունը մշակող այս անձը՝ Թատրոնին նախորդ թվույն մեջ յուր տգիտությունն հայտնող հոդվածին վրա զայրացած, բոլորովին հուսահատ կատաղության մեջ ինկեր, անամոթութենե և զրպարտութենե օգնություն կը խնդրե իր ծանուցյալ տգիտությունը ծածկելու, ուստի և մեզի պատասխանելու տեղ փախչելով կը հայհոյե։

Մեր անցյալ շաբաթ ավուր թերթին մեջ ըսած էինք, թե Հաճյան չգիտեր, թե ինչ է օբերա պուֆն և օբերա քոմիքն: Հաճյան մի միայն մեր այս խոսքին պատասխաներ է յուր տգիտությունն նորեն հայտնելու համար, ըսելով՝ թե օբերա պուֆն և օբերա քոմիքն միևնույն բանն է։ Որո՞ւ դեմ կը բարկանաս ուրեմն, լրագրական ասպարեզը Բագոսի տաճարը² կարծող գնչուախո՛սդ, եթե անոր դեմ կը բարկանաս, որ քու տգիտությունդ կը հայտնե, ինքզինքիդ դեմ բարկացիր, որովհետև քու տգիտությունդ հայտնողը դուն ինքդ ես. բառերու նշանակությունը չգիտնալդ ինչպես որ հայտնեցիր, այս անգամ ալ թատերախաղերու մասին թատերաբեմի վրա ծառայություն ընող ամենեն հետին դերասանի մը չափ ալ տեղեկություն չունենալդ դուն քու բերնովդ կը հայտնես, երբ կըսես՝ թե օբերա պուֆն և օբերա քոմիքն միևնույն բանն է։

Վարդովյանի և Չուխաճյանի դերասանները այս տողերդ կարդալով քահ քահ մը փրցուցեր են, մատերնուն փաթտեր են քեզի և խոսք մեկ ըրեր են, որ թատրոնի մեջ քեզի տեսնեն նե դափնյա պսակ մը նվիրեն քեզի, դարձյալ ե՞ս եղա պատճառ քու ծանուցյալ տգիտությանդ նորեն հայտնվելուն, ինչո՞ւդ պետք քուկին, տղա՛, ատանկ խոսքերու կը խառնվիս, դուն միայն հայհոյե, որովհետև հասարակությունը քեզմե հայհոյություն կսպասե և ոչ ուրիշ բան. ինչո՞ւ համար օբերա պուֆն և օբերա քոմիքն միևնույն բանն է ըսելով իմ ըսածս կը հաստատես և կը խայտառակվիս։ Եթե օբերա պուֆն և քոմիքն միևնույն բանն ըլլար, ինչո՞ւ կատակերգությանց մեկուն պուֆ և մյուսին քոմիք անունը պիտի տային հեղինակները, թող ամենուն ալ պուֆ կամ քոմիք ըսեին, Բայց դուն այս անունները լսած ունի՞ս, արդյոք երազիդ մեջ տեսած