Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդ, անհրաժեշտ հարկ է․ կամ թվականն մեր վիճակին հարմարցնել և կամ մեր ընթացից մեջ փոփոխություններ մուծանել, որովհետև ոչ այս ընթացքը մեզի կը վայելե, ոչ ալ 1884 թվականը:

Եթե իրավացի են դիտողություններս և բանավոր — և կը հավատամ թե այնպես են — կը մաղթեմ, որ ամեն կարգի ազգայինք, միշտ աչաց առջև ունենալով Ծանիր զքեզն, միմյանց ձեռն կարկառեն և մեկդի դնելով անձնական կիրք, գոռոզություն, ինքնասիրություն և փառամոլություն, ի միասին աշխատին ազգին զարգացման, եթե կը փափագին, որ մեր ազգն ալ իրեն դրացի ազգաց քով կարենա պատվավոր դիրք մը գրավել։

Կը կրկնեմ ուրեմն խոսքս, քանի մը կարևոր բարեմաղթություններ ընելով։

Դաս չունեցող դասատուներուն եթե ոչ նոր տարի, գոնե նոր կոշիկ կը բարեմաղթեմ.

Ողջմտություն, երեսփոխանաց ոմանց.

Լրագրական ասպարեզին մեջ ավելի ողջախոհություն և նվազ սիրահարություն․

Բանաստեղծներու բեղմնավոր մուսաներ և բանահյուսներուն ճոխ հանգեր.

Ամեն աստիճանի ազգայնոց արժանավայել հարգանք։

Վիճաբանությանց մեջ նվազ հայհոյություն — ըստ որում բոլորովին ջնջելն անկարելի է — և քիչ մը տրամաբանություն — ըստ որում շատն անհնար է առայժմ։

Սուտանուններու ներքև իրենք զիրենք գովաբանող գրիչներուն քիչ մը շնորհք, որոց վայել է ծաղր և ծիծաղ այժմ և միշտ։


ԵՐԿՈԻ ԲԱՌԱԳԻՐՆԵՐՈԻ ՎԵՃՆ

ՀԱՍԱՐԱԿԱՑ ԿԱՐԾՅԱՑ ԿՇՌՈՒՅՆ ՄԵՋ

Արիստոֆան յուր Գորտերը անուն կատակերգությանը մեջ Եվրիբիոն և Եսքիղեսն կը ղուգակշռե, նոցա ոտանավորներն ի կշիռ դնելով։

Նախ և առաջ կսկսի հետևյալ ոտանավորներեն, որոց առաջինն Եվրիբիտին է և երկրորդն Եսքիղեսին։

«Իցիվ թե նավն Արկո թևերն առագաստից բնավ բացած չլիներ»։