Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՐԵՐԱԳՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԸ ՊԵՏՔԸ

Մեծապես հրճվեցանք այն գովեստներեն, զոր մեր բարեկամներեն ոմանք բարեհաճեր էին Խիկարի հրատարակության առթիվ ընել մեր տաղանդին վրա։ Քանի քանի անգամներ բերկրությամբ և ախորժանոք կարդացինք այն տողերն, որ մեր տաղանդին համար գովեստ կը պարունակեին. քառասուն անգամ կարդացինք այն գովեստները, զորս վարպետությամբ մեզ ծանոթ և անծանոթ ազգայնոց ալ կարդալ տվինք։ Շնորհակալ ենք մեր բարեկամաց անկեղծ զգացումներեն և կը խոստանանք այժմեն, թե մենք ալ պիտի գովենք զիրենք երբ առիթն ներկայանա կամ եթե չներկայանա իսկ։

Պարոն Գրասեր Ատոմ ալ, որ Երկրագնտի առաջին թվույն մեջ ըսելով հանդերձ թե՝ «Գրյալ էր. որ Երկրագնտի տնօրենությունն ինձ հանձնվի» — թեև Երեմիային մեջ չըկարդացի գուշակություն մը, որ հայտներ թե Երկրագունտի տնօրենությունն պարոն Գրասեր Ատոմի պիտի հանձնվի 1884-ին — գովեստով խոսած էր Երկրագունտի նախորդ տնօրենին, իմ վրա, և հայտնած էր թե Երկրագունտի նախորդ տնօրենն առաջին գրիչներեն մին է։ Մեծ ուրախությամբ կարդացի, սիրելիդ իմ Ատոմ, գրչիս մասին ձեր համակրական զգացմանց անկեղծ արտահայտությունը։ Շնորհակալ եմ ձեր ազնիվ զգացումներեն։ Դուք մեծ մարդ եք, անհուն հանճարի տեր քերթող մեք և ձեր մուսաներն դիվանագիտական լեզուն ալ կը խոսին։ Եթե ես առաջին գրիչներեն մեկն եմ, որքան ավելի քան զառաջին, առաջին գրիչներեն մեկն պարտիք ըլլալ դուք, ո՛, սիրելիդ իմ Ատոմ, դուք, որ ձեր մեկ հոդվածով կարծյաց մեջ անմիջական փոփոխություն հառաջ կը բերեք։ Որքան բարձր եք դուք, որ գողտրիկ բառերով և անոնց գեղեցիկ հյուսվածքով գեղատեսիլ հատվածներ կը հորինեք ի զմայլումն և ի հափշտակումն հոգվո, մտաց, սրտի, ականջին և մանավանդ աչաց։ Ընդունեցե՛ք, կ՝աղաչեմ, իմ փոխադարձ գովեստներս և վստահ եղեք, որ միշտ երախտապարտ պիտի մնամ ձեզ։ Ապերախտ չեմ ես Նորայրի պես, որ ձեր գովեստներն հափշտակելե հետո զլացավ ձեր տաղանդեն ու հանճարեն երկու տող... պսակ։ Շատ լավ ըրիք անոր այս ապերախտությունն հրապարակ հանելով։ Եվ ի՞նչ պատասխան տվավ ձեզի։ Պատասխան մոր բնավ գոհացուցիչ չէ։ Ինքզինքն բառարանին տված է եղեր և այդ պատճառով ժամանակ չէ ունեցեր ձեր Գրական և իմաստասիրական շարժումն գովելու, և