Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետ չենք կրնար կոր տեսնվիլ։ Աս խոսքին վրա Փունջը պատասխան տալու տեղ նստեր լացեր է։

Քսան օր առաջ պախալե մը պանիր առած միջոցին պախալն իրեն ըսեր է թե՝ սա հայոց հետ առուտուր ընելն բնավ չեմ սիրեր։ Պախալին այս ըսածին վրա, Փունջը հոն ինկեր մարեր է։

Տասնհինգ օր առաջ Փունջը նորեն հույնի մը կը հանդիպի ու կը հարցունե թե՝ հայերը կը սիրե՞ս։ Ո՛չ, կը պատասխանե հույնը, և անոր այս պատասխանին վրա Փունջը տունը կերթա ոտանավոր մը կը գրե որուն մեջ կը խնդրե հույներեն, որ հայերը սիրեն...։

Շատ և շատ իրավունք ունեի երբ կը պնդեի, որ օրիորդները խմբագրություն ընելու չեն. և ահավասիկ Փունջը յուր ընթացքովն մեր իրավունք ունենալը կը հաստատե երբ ամեն թերթին մեջ կը կրկնե սա խոսքերը.

«Մենք հայքս բարի ենք և հույները մեզի կը նախատեն... կը փափագինք, որ հույները մեզի հետ աղեկ վարվին... մենք իրենց բան մը ըրած չունինք, իրենք մեզի միշտ կանարգեն... կը ցավինք անոնց այս վիճակին վրա... ըրածնին քրիստոնեության դեմ է... կը բաղձանք, որ երկու ազգաց մեջ բարեկամություն հաստատվի, սակայն, ցավոք կը տեսնենք, որ մեր այս բաղձանքը իրականություն չգտներ... մենք ի՞նչ ըրած ունինք... ինչու՞ համար հույն կղերը ժողովրդյան չպատվիրեր, որ ասանկ բաներ չընեն և այլն, և այլն, և այլն, և այլն»։

Համեստուհի Փունջ, լալուդ համար բան մը չունինք ըսելու, սակայն բան մը գրած ժամանակդ անոր ոճին ուշադրություն ընելու ես, որպեսզի մեկ կողմեն քեզի հետ անկրթությամբ վարվող հույներուն անկրթությունը ցցուցած ատենդ, հայ ազգը չնվաստացնես։ Քու ոճեդ այնպես կը հասկցվի, որ հունաց ոտքը երթալու, իյնալու ենք, որպեսզի մեզի հետ այնպես չվարվին, և եթե անով չհաջողինք՝ գիշերները հսկում ընելու ենք, որ ինքզինքնիս հույներուն սիրել տանք։

Ուշադրություն ըրեք օրիորդ, ուշադրություն, թե գրած ժամանակնիդ և թե լացած ատեննիդ, եթե դեռ գրելու և լալու միտք ունիք...։


ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՆ ՄԵՋ ՄՐՐԻԿ

Սա Խաչատուր սրբազանը շատ դժբախտ մարդ մէ եղեր, ուր որ երթա ետևեն դժբախտությունն ալ կը հասնի։