Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եթե այս հարյուր հիսուն բաժակներեն մին դաստիարակի մը, վիպասանի մը, բանաստեղծի մը, գրագետի մը կամ խմբագրի մը երկարակեցությանը համար խմվեր. կախվելու արժանի մարդիկ էին ասոնք, ի՞նչ է ասոնց հանցանքն, պիտի հարցնես բնականաբար։ Ասոնց հանցանքն այն է, որ, սիրելի Իսոկրատ, ոսկի չունին, և ոսկի չունեցողն ատանկ բարձր հացկերույթներու մեջ հիշվելու արժանի չէ։ Փառքն ոսկիով կը գնվի, սիրելիս, և փառք ստանալեն ետքը, ոսկի վաստկելն շատ դյուրին է։ Նույնիսկ ես, եթե քիչ մը հետամուտ ըլլայի փառաց՝ մեկ օրվան մեջ կը թունավորվեի, կը հիվանդանայի, կը մեռնեի կը թաղվեի, հարություն կառնեի, կանմահանայի, կաստվածանայի, կը գերաստվածանայի և գերաստվածանալես ետքը գիտե՞ս ինչ կընեի, արգո Իսոկրատ, երկինք և երկիր չէի ըներ, մարդ ալ չէի ստեղծեր, գործս քալեցնելեն ետքը, կարևորություն չէի տար լուսինին ալ, այլ նախ և առաջ երկու մատերովս քու աչքերդ կը փորեի, բերանդ քիչ մը մեղր կը քսեի, ետևես եկուր կըսեի և տասը տարի զքեզ կը պտըտցնեի առանց տեղ մը տանելու, քեզի համար զոհվելու խոսք կուտայի, և զքեզ կը մորթեի, դաստիարակության բնավ հոգ չէի տաներ, վանական և տնտեսական գործերն վատթարագույն վիճակի մը կը հասնեին իմ անհոգությամբս, ողջամտաց դեմ, որ թվով քիչ են ընդհանրապես, միամիտ հարուստներու և պարզամիտ ժողովրդյան զայրույթն և ցասումն կը գրգռեի, յուր հմտությամրն և յուր գրական երկերովն ազգին գրականությունն ծաղկեցունող, ազգին պարծանքն եղող խմբագրի մը թերթին ընկալագիրն պատռել կուտայի թեթևի մը, արդարությունն դեմս հանողներն իբրև վատ ազգատյաց և. գազանաբարո մարդիկ կը ներկայացնեի զիս շողոքորթող և ինձմե շողոքորթվող հարուստներուն, լրագրաց գրել կուտայի, թե հակառակորդներս և թշնամիներս թույլ չեն տար ինձ գործել, կը համարձակեի նույնիսկ ամենուն ծանոթ. անաչառ, արդարախոս դաստիարակի մը դիակը ձաղկել տալ, այս ամենը կընեի և դարձյալ բարի, առաքինի, ներողամիտ, գթած, անկեղծ, աննենգ, աստվածատիպ և այլն կը հորջորջվեի և ամենքն ի բաց առյալ ճշմարիտ ազգասերներն. ոչ միամիտներն և այն անձերն, որ անկախ են և կարող են ապրիլ առանց հարուստներու քծնելու — երկինք կը պագնեին ինձի, ըստ որում երկրիս վրա ալ գործ չէի ունենար: Այս ամենը կընեի, սակայն եկել տես, որ կազմվածքս տրամադրություն և հարմարություն չունի այս տեսակ անկեղծության։ Թերևս հարցնես ինձ, թե ով բերավ իրեն այս վիճակին։ Կը պատասխանեմ՝