Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոփոխություն մը մուծանեին և սա բանաձևն ընդունեին. «Եվս առավել զբացառիկ հայրապետն բացառական հայոց» որպեսզի խիղճերը քիչ մը հանդարտեին, խնդիրը փակվեր։ Առեք ձեզի բացառական կաթողիկոս մըսել և քթի տակեն խնդալ ո՛չ ազգասիրության և ո՛չ ալ դիվանագիտության գործ է։ Այս բացառությանց վախճանն ե՞րբ պիտի տեսնենք։ Մեր թոռներն իսկ չպիտի կրնան տեսնել զայն։ Քառասուն հազար ոսկվո պարտքով ազգին ներկայացող վանք մը, կարտոնենք, որ ուզածին չափ պարտք ընե նորեն։ Այդ փոխառության սահման դնելն վանուց վարկին վնասաբեր է եղեր, գործադրությունն այն իրավանց, զոր ազգն ունի հսկելու վանուց գործառնությանց վրա, կը սղմե եղեր Միաբանությունն, Երուսաղեմ երթալու է եղեր այդ վանուց վրա կատարյալ գաղափար կազմելու համար... ուխտավորներն երբեմն երբեմն քննելու են եղեր վանուց հաշիվները... զորն ասեմ, զորն խոստովանիմ։ Եթե նույն օրն իբրև ունկնդիր գտնված ըլլայի երեսփոխանական ժողովո մեջ, պիտի առաջարկեի, որ բացառիկ երեսփոխան մ՝ընդունեին զիս քանի մը վայրկենի համար և համբերություն ունենային ինձի մտիկ ընելու քիչ մը։ Կընդունեի՞ն։ Այո՛, եթե կաթողիկոս ըլլայի։ Չէին ընդուներ, բայց եթե ընդունեին ցանկեն ներս կը ցատկեի և կըսեի.

«Տյարք և տիկնայք։

Ոչ ուխտավոր ըլլալու և ոչ ալ Երուսաղեմ տեսնելու հարկ կա, որպեսզի ազգն գիտնա, թե ինչ եղանակով կարող է հսկել այդ վանուց հաշվոց վրա։

Կառաջարկեմ.

Վանուց միաբանությունն, եթե ոչ ամեն ամիս, գեթ երեք ամիսը անգամ մը պարտավոր է հոս կեդրոնին ղրկել։

Ա. Սնտուկին հաշվույն մեկ օրինակն ստորագրյալ գանձապետեն, համարակալեն և ամենապատիվ վանահայրեն։ Ավելի օրինավոր է, եթե կարելի է, ծախքերն հաստատող թուղթերն ևս միասին ղրկել։

Բ. Սնտուկին ամփոփումն, այն է այլ և այլ ծախուց — թղթատան, կարասիքի, ալյուրի, փոխադրության և այլն — ամբողջ գումարներն աղյուսակի մը մեջ ներկայացնող թուղթ մը։

Գ. Մթերատետրին մեկ օրինակն, որո մեջ ցույց պիտի տրվի, թե երեք ամսո միջոցին մեջ ինչ մտած է մթերանոց, ինչ սպառած է և հետևապես ի՞նչ մնացած է։