Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չգիտցվիր, թե նորին սրբազնությունն է, որ գացած տեղը դժբախտությունը կը տանի, թե դժբախտությունը նորին սրբազնութեան հետքը չթողուր։

Նորին սրբազնության խնդրույն նավը¹... (այլաբանությունն ալ ուրիշ անուշություն ունի) ալեկոծությանց պատահելեն ետքը այս օրերս նավահանգիստը մտավ. բայց ի՞նչ օգուտ, նավահանգստին մեջ ալ մրրիկե բռնվեցավ։

Երբ նորին սրբազնությունը լսեց, որ համագումար ժողով պիտի գումարվի, մտքեն ըսավ.

— Օրհնյա՛լ է Աստված, նավահանգիստը մտա։

Այս ուրախությունը քիչ տևեց, որովհետև երբ լսեց, որ ամենապատիվ սրբազան Պատրիարքն² ու գերապատիվ Խորեն եպիսկոպոս համագումար ժողովին ներկա չեն գտնվեր, մտքեն պոռաց.

— Ով երկինք... նավահանգստին մեջ ալ հանգիստ չեք տար ինձի, ի՞նչ է իմ հանցանքս։

— Խարդախություն և մարդասպանություն պատասխանեց սեմին վրայեն կամացուկ մը նորին սրբազնության խիղճը, զոր շատուց վռնտած էր և որ այս անգամ միմիայն այդ երկու բառերը արտասանելու համար հանդգնած էր դրան առաջին երևնալու։

— Լռե՛ դուն, թշվառական խի՜ղճ, դուն ամեն բանի մի՜ խառնվիր, քուկին խելքդ չհասնիր, դուրս ե՜լ, որոտաց նորին սրբազնությունը, կորի՜, ապա թե ոչ հիմա զքեզ ալ նախ որդիս քովը կը ղրկեմ։

— Կե... կե... կեր... թա... թամ կոր, թոթվեց խեղճ խիղճը և դռնեն դուրս ցատկելով ետևը դարձավ և ըսավ. ինչու՞ կը վռնտես զիս։

— Եվ դուն ինչու՞ կը տանջես զիս, ինչու՞ կը հալածես զիս...

Եվ աչացը մեջ փայլեցավ արտսուքի կայլակ մը, որ ասեղի ծակե մ՝ավելի պզտիկ ըլլալուն խոշորացույցով կրնար տեսնվիլ.․․։

— Ինչու՞ կը հալածես զիս, ո՞վ խիղճ պոռաց նորեն։

— Կը զարմանամ սրբազան, որ դուն ալ ատ թշվառականին կարևորություն կուտաս, ըսավ սպասավորը ներս մտնելով. խղճին կարևորություն տվողը մեծ մարդ չկրնար ըլլալ այս աշխարհիս վրա. դուն ճշմաոիտ Քրիստոնյա ըլլալ կուզես, թե՞ Կաթողիկոս։

— Կաթողիկոս ըլլալ կ՝ուզեմ, օրհնած։