Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կեդրոնն կը փորձե խափանել։ Այդ ընկերության հաշիվներն աչքե անցունողն կը տեսնե, թե ընկերությունն շռայլությամբ վարված չէ բնավ, շաբաթը քսան և հինգ դահեկան միայն վճարած է գրագիր — համարակալի մը ամիսը վաթսուն դահեկան վճարած է գրասենյակի վարձքը։ Սուտ է հրատարակել, թե դասատվաց տասնական դահեկան ամսական տրված է։ Եթե մեր ընկերությանց հասույթի աղբյուրներն խղճի մտոք քննենք՝ դյուրավ կրնանք հասկնալ, թե ինչու համար քառասուն ոսկվո հասույթեն քսան ոսկի տրված է դասատվաց: Ներկայացում մը կը տրվի, որո քառասուն ոսկվո հասույթին հինգը թատրոնի, տասներկուքը դերասանաց, երեքն տպագրական ծախուց, ցրվիչին, թուղթին, և թատրոնի ուրիշ ծախուց համար վճարվի՝ բնականաբար քսան ոսկի կը մնա ընկերության։ Այս ամենը, գիտնալով հանդերձ այդ ընկերության խափանմանը աշխատիլն բնական է, որ զայրացնե ողջամիտ դասն և հարկադրե զայն չեզոքացնելու աշխատիլ կեդրոնին ջանքերն նույնիսկ այն միջոցներով, որ հաճելի չեն թվիր կեդրոնին։ Մաղթենք ուրեմն, որ ապագային մեջ չկրկնվին նմանօրինակ անպատեհություններ և կեդրոնն հաճի անուշ տեղը կապել գոնե այն խնդիրներն, որոնց մեջ չափազանց տաք արյամբ վարված է։

Մնաք բարյավ, ո՛ տիկին Պատմություն, աջդ կը համբուրեմ սիրով, հատկապես կ՝աղաչեմ, որ հաճիք ամենախորին հարգանացս հավաստիքն մատուցանել տիկին Անկողմնակալության։


Ուրիշները լան թո՛ղ, մենք խնդա՛նք, տիկի՛ն, խնդանք մինչև որ արտասուք հոսեն մեր աչերեն։ Նպատակը կարդարացնե միջոցը: Ո՞չ ապաքեն ժպիտն արտասվաց պզտիկ քույրն է, որպես կատակերգությունն ողբերգության։ Կարդացած եք անշուշտ Մոլիեռի Սերը բժիշկ է կատակերգությունն. այսուամենայնիվ ներեցեք ինձ անոր առաջին տեսարանն ամփոփել հոս։ «Հայրն յուր աղջկան մելամաղձոտությունը փարատելու նպատակավ կը փափագի անոր տխրության պատճառներն իմանալ» ուստի կը դիմե յուր եղբորը դստեր, դրացուհվույն և բարեկամաց խորհուրդ հարցընելու համար անոնցմե։ Բարեկամներեն մին, որ ակնավաճառ է՝ խորհուրդ կուտա, թե աղջկան մը տխրությունը փարատելու միակ միջոցն է անոր ադամանդ և գոհար գնել։ Մյուսն, որ գորգ կը վաճառե՝ կը խրատե, որ աղջկանը սենյակը կանաչագույն գորգերով զարդարե, որպեսզի աղջկան սիրտը բացվի և մոռնա