Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցավերը։ Դրացուհին, որ կուզե կարզվիլ երիտասարդի մը հետ, որ մասնավոր սեր մը կը հայտնե ծանուցյալ մելամաղձոտ աղջկան համար՝ կը հորդորե, որ աղջիկն անմիջապես կարգե ուրիշ երիտասարդի մը հետ, որ կնության ուզած էր զայն։ Եղբորը դուստրը, որ նպատակ ունի ժառանգել հորեղբորն հարստությունը՝ կը հակառակի ամուսնության և համոզել կը ջանա հորեղբայրն, որ վանք մը դնե յուր աղջիկն։ Հայրն ուշադրությամբ լսելե հետո այս խրատներուն՝ կըսե. «Թեև ձեր խրատները շատ լավ են, հավանեցեք եթե կը հաճիք, որ անոնց և ոչ մեկուն հետևիմ»։ Այս տեսարանը կը հիշեմ ամեն անգամ, որ ազգային կենսական խնդիր մը կը ծագի և այլ և այլ անհեթեթ կարծիքներ երևան կուգան։ Չորս, հինգ խավարադեմներ, մին՝ հագուրդ տալու համար յուր փառասիրության, մյուսն՝ գոհացում տալու համար յուր անձնական կրից, մեկը՝ ժողովրդականություն ձեռք բերելու համար, մեկալը՝ աթոռի վրա բազմելու առաջադրությամբ՝ արդեն բազմողը հրաժարեցնելու համար, խաղալիք ըրած են կրոնքն իրենց ձեռաց մեջ և կը տանին զայն ուր որ կամին։ Կրոնքը կը հակառակի, կըսեն, փոխադրության խնդրույն, այսուամենայնիվ կաշխատինք կրոնքին հավանությունն առնելու եթե, եթե.․․ մեր պայմաններն ընդունին։ Չեն գիտեր, թե այդ եղանակավ կաշառակերության մուր կը քսեն այն կրոնքին, որու պաշտպանները կը ձևանան, և գայթակղության որոմն կը ցանեն ժողովրդյան մեջ։

Կարնեցիք ալ որոշած են, եթե ստույգ է մեր առած տեղեկություններն, գրել հոս, որ Կարնո առաջնորդությունն ընդունելու կանխավ հավանություն տված ընտրելյաց ցանկ մը ղրկվի իրենց։ Իրավունք ունին, բավական ժամանակե հետե հարս կընտրեն և կը մերժվին։

— Օրիորդ, կը հաճի՞ք ձեր ձեռքը մեզի տալ։

— Տասը տարի առաջ խոստացած եմ զայն Ռումանիո հայոց։

— Ինչո՞ւ չեք տար ուրեմն անոնց։

— Թրաքոմայի խնդիրն կարգադրված չէ դեռ։

— Դուք ուրիշներու ալ խոստացած եք երբեմն բայց...

— Այո՜, թրաքոմայի խնդիրը միշտ...

Հովիվ մոր կորսված հայերը գտնելու պիտի երթա և ինքն ալ անոնց հետ պիտի կորովի։

Ուրիշ օրիորդի մը դիմենք:

— Հրամմեցե՜ք, օրիորդ։

— Դուրս, դուրս, դուրս․․․

— Ինչո՞ւ կը վռնտեք։