Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ինչ որ բերկրալի է, Կրոնական ժողովը հրամայեց նորին արժանապատվության, որ տեղեկագրով մը ժողովույն ներկայացնե յուր..․ հանցանքներն։ Շահպաղլյանն տեղեկագրեց յուր հանցանքներն — հանցանք ըսելով պետք է իմանալ Հայաստանյայց սուրբ եկեղեցվո դարավոր իրավանց պաշտպանության նախանձախնդրություն — Կրոնական ժողովույն. որ տեղեկագիրն առավ ու հրաժարեցավ, հաջորդին կտակելով, որ քննե այդ հանցավոր անմեղությունները կամ անմեղության անպատեհությունները: Կարդացի այս տեղեկագիրն Ճիրիտեի շարգիեի մեջ։ Նորին արժանապատվությունը կը տեղեկագրե սա իմաստով, թե «Հայտնած էի ձեզ, որ պատրաստ էի գալ մայրաքաղաքս, երբ կոչվիմ, ինչպես որ ժողովույդ նամակն ընդունելուս պես ելա եկա»։ Ավադիկ ըմբոստությունը։ Նորին արժանապատվությունը կը հաստատե յուր հանցանաց մեջ, թե վերջին կաթողիկոսական ընտրությունն ամենևին հակառակ է Հայաստանյայց եկեղեցվո և օրինաց և՛ ավանդությանց, և այս մասին իրեն համամիտ կը ներկայացնե Կրոնական ժողովո անգամ, գերապատիվ Դիմաքսյան եպիսկոպոսը։ Ահա յուր գլխավոր հանցանքը։

Հարկ է ուրեմն դատապարտել զինքն հետևյալ վճռագրով․

«Նկատելով, որ Շահպաղլյանն Հայաստանյայց եկեղեցվո իրավունքները պահպանելու ջերմ նախանձախնդիր է։

«Նկատելով, որ այսպիսի ընթացք մը մեր մյուս եկեղեցական հայրերն ալ գայթակղեցնել ու հանգամանքն ունի։

«Նկատելով, որ Կրոնական ժողովն ասանկ գայթակղեցուցիչ վարմունք մը չկրնար ներել և ոչ մեկ կրոնականի,

«Կրոնական ժողովն կը վճռե․

Շահպաղլյան Հակոբ վարդապետին փիլոնն առնել և հեռացնել զայն կրոնական դասեն»։

Այո՛, անպատճառ հարկ է դատապարտել, որովհետև զայն անպարտ արձակելն պատիվ չբերեր կեդրոնին, որ այնքան զրպարտությանց և հալածանաց մատնեց զայն, պետք է ուրեմն պատժել Շահպաղլյանն նույն իսկ եթե հանցանք չունենա։ Հանցանք չունենալն արդեն մեծ հանցանք մէ, հանցանք չունենալուն համար պատժվելու է, որպեսզի փրկվի Կրոնական ժոդովո պատիվն, որ ուրիշ պարագայներու մեջ ալ շատ սուղի նստավ ազգին։ Մեր այս ավուր բոլոր առկախ խնդրոց վրա հայեցվածք մը նետելով կրնանք ըսել. «փրկեցեք Կրոնական ժողովո պատիվը»։

Իսկ մեր սուրբ հայրերեն շատեր ազգին այս վիճակին