Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլորովին անտարբեր տարբեր խնդիրներով կզբաղին։ Ասոնցմե մին Հայուհյաց ընկերության երկար թուղթ մը գրելու զբաղած է։ Այս թուղթն տասն անգամ մեծ է այն թուղթեն, զոր Պողոս առաքյալ գրած է առ հռովմայեցիս։ Գատը գյուղի ազգայիններեն ոմանք այնքան հավնած են, կըսեն, այս թուղթին, որ կը փափագին զայն Նոր Կտակարանի մեջ անցունել։ Այս վարդապետն, ծառա Հիսուսի (՞) և Թաղական խորհրդո, վարդապետ կամոքն[1] Աստուծո և գերապատիվ Խորեն եպիսկոպոս Աշըգյան, առաքյալ շնորհոքն[2] տեառն մերո, յուր նշանավոր թուղթին մեջ Հայուհյաց ընկերության պաշտոնին բարձրությունն ու վսեմությունը ցույց տալու համար՝ «անօթի էի՝ կշտացուցիք զիս» ծարավ էի՝ ջուր տվիք ինձի, մերկ էի՝ հագցուցիք զիս են շատ բարձր է կըսե ձեր պաշտոնն, որ նպատակ ունի անոթությունը, ծարավությունն և մերկությունը բնաջինջ ընել իսպառ։ Ավետարանին այդ խոսքերուն վրա ավելցունելու է ուրեմն հետևյալները. «Աղքատ էի և Հայուհյաց ընկերություն եղաք ինձի, անոթի էի և ասեղով բուրե տվիք ինձի, մերկ էի՝ մատնի մը տվիք ինձի, բանտն էի՝ դաշնակ մը ղրկեցիք ինձի, անդամալույծ էի՝ պարի դասատու ղրկեցիք ինձի»։ Ըստ մեր վարդապետին կարծյաց՝ մարդասիրության պետք չպիտի մնա այլևս. դաստիարակությունն անհետ պիտի ընե ամեն թշվառություն։ Ցավալի է միայն, թե տերն մեր Հիսուս Քրիստոս այս կետը կանխատեսած չէ։ Վարդապետն յուր թղթին մեջ, զոր հրատարակած է Արևելք, կը խոսի նաև կանանց ազատության վրա ինչպես նաև արգիլյալ պտղույն վրա այնքան հոգեշունչ ավյունով և անկեղծությամբ, որով աշխարհական մը պիտի կարմրեր խոսելու։ Ահա, տիկին, իգական խնդրով կզբաղեին մեր սուրբ հայրերեն ոմանք։

Եպիսկոպոսներուն գալով՜ ասոնք այժմ գլխավորապես կզբաղին պատրիարքական խնդրով, որովհետև, ինչպես գիտեք, ամենապատիվ սրբազան Պատրիարք հայրը կը հրաժարի յուր ծանուցյալ ծերության պատճառավ։ Պատրիարքության անարժան եպիսկոպոսաց ցուցակ մը հրատարկվեր ու անմիջապես հասկնայինք, թե ով ունինք պատրիարքության արժանի։ Այսօր քանի մը անձինք տեղ մը հավաքված ընտրելի մը կը փնտրեին։

— Աղեկ ա՛, ըսավ մեկը, ըսենք թե Պատրիարքը հրաժարեցավ, ո՞վ պիտի դնենք տեղը։

Հետո քանի մը ժամեր շատ եպիսկոպոսներու անուններ տվին,

  1. Քվեի դնե՞նք։
  2. Որ պիտի իջնա։