Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անոնք, որ գարուն չունին, մինչև որ իրենց մանկությունը տեսնեն՝ շատանան իրենց ձմեռը տեսնելով իրենց հայրերուն վրա։ Այս մտածումներն արգիլեցին զիս գարունը տեսնելն։

Գարունը չտեսնելու նպատակով իսկ էր, որ չուզեցի ներկա գտնվիլ Սահմանադրության տարեդարձի հանգիսին, զորս կատարեցինք այս տարի ալ որպես լուսավորյալ ազգերն կը կատարեն ամեն տարի, երբ նշանավոր անձնավորություն մը վախճանի։ Ըստ բանին՝ թե հավատք առանց գործոց մեռյալ է՝ սուրբ Փրկչյան մատրան մեջ հոգեհանգիստ ալ կատարվեցավ։ Բայց ժողովուրդն, որ չպահանջեր յուր ընտրողական պահանջքն և չհատուցանեց յուր ընտրելիական պարտքն՝ վազելով կերթար նույն օրը մասնակցիլ տարեդարձին զվարճությանց։ Սահմանադրությունն այն ատեն կը գրկենք, երբ օղիով ու գինիով ներկայանա: Զարմանալի չէ ուրեմն, եթե երկաթուղվո կառքերեն զիրար հրելով, մղելով կիջնային և իրավունք կուտային հիմարանոցի խենթերուն ըսել միմյանց. «Այս ի՜նչ խենթ մարդիկ են»։ Պետք է խոստովանիլ, թե ասոնց մեջ կը գտնվեին նաև բազմաթիվ ազգայինք, որ, որպես կիմանանք, Սահմանադրասիրության ոգիեն առաջնորդված էին դեպի հանդիսավայրը։ Այն ազգն, որ յուր վարժարանաց նպաստելու նպատակավ տարին քանի մանգամ կը պարե, բնական է, որ Սահմանադրության հիշատակն անմոռաց պահելու համար տարին անգամ մալ երգե օղիով և գինիով զվարթացած։ Առանց երգելու, առանց պարելու՝ դժվար է այս ազգին հառաջադիմել։ Հետևաբար, երբ նպատակն սուրբ է, միջոցներուն աչք գոցելու է։ Բայց կարելի չէ աչք գոցել մանավանդ պարահանդեսի մեջ. ուստի, աշխատելու է, որ այս տեսակ հանդեսներն ազգային դրոշմ կրեն և վստահ ենք, թե ապագա տարեդարձներուն մեջ ավելի Սահմանադրություն պիտի երևնա և նվազ օղի, առանց վնասելու սակայն հիվանդանոցի շահերուն։

Կարդացիք անշուշտ Արևելքի խմբագրապետին, մեծապատիվ Բյուզանդ էֆենդի Քեչյանին հորինած Ազգային հիվանդանոցի պատմությունը, լի ճոխ տեղեկություններով։ Ստվար հատոր մը, ավելի մեծ, քան մեր ազգային պատմությունը։ Ոմանք դիտեցին, թե հիվանդանոցի պատմությունն մեր ազգային պատմության մեկ մասը կը կազմե, իսկ ես դիտել կուտամ, թե ազգային պատմությունն է, որ հիվանդանոցի պատմության մեկ մասը կը կազմե։ Ինչ որ ալ ըլլա՝ կը շնորհավորենք ազգային հիվանդանոցի բարեջան և պատվարժան հոգաբարձությունն, ինչպես նաև հանրածանոթ