Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեզ անկ է ցույց տալ մեզ նաև հանքային մարդը... հարուստը չհասկնաք։

Գիտությունն ալ սկսավ չափն անցուներ Ամեն անգամ որ խահվե կը խմեմ, կը նայիմ որ խմած խահվեիս մեջ վարտիքի կտոր մը չգտնվի, որովհետև գիտությունը հինցած վարտիքներեն ու շապիկներեն ալ սկսած է շաքար հաներ Շաքարեն ալ պաղեցա, որովհետև ամեն բանեն կելնե, եղբայր, կոշիկներդ ցույց տուր գիտունին, ասոնցմե պատվական շաքար կ՝ելնե, կ՝ըսե։ Լաթեն շաքար, կոշիկներեն շաքար, աղտոտ գլխարկներեն շաքար, փայտի կտորներեն շաքար, ծննդական գործարաններեն շաքար, ի՞նչ գիտնամ, չկա բան մ՝որու մեջ քիչ մը շաքար չտեսնե գիտությունը — միտքն շաքարի եղեգեն է որ շաքար չեն հաներ — շաքարեղեն դարու մեջ կ՝ապրինք, բայց հակառակ շաքարին այս առատության, անուշությունն օր ըստ օրե կը նվազի։ Պետք չէ շփոթել շաքարն անուշության հետ։ Խահվեի մը մեջ որքան շատ շաքար գրվի, խահվեն այնքան նվազ անուշ կըլլա։ Բնական է ուրեմն, որ պակսին մեր մեջ այսօր անուշ խահվեներ և, հետևաբար, անուշ մարդեր։ Բնավ չեմ պնդեր, բայց կրնամ բոլոր ուժովս կարծել, թե մեղուներն ալ քանի մը տարիներե ի վեր թողած են ծաղիկներե նյութ քաղելու սովորությունը։ Կերևի թե ասոնք ալ գիտության մեջ հառաջանալով՝ սկսած են պիթ բազարի խանութներեն կախված հին ու աղտոտ հագուստներեն մեղք քաղել, որովհետև վերջերս մեղքիս մեջ գտա պզտիկ կոճակ մայն կոճակներեն, որ ճյուպպեներու թևերուն կը կարվին ընդհանրապես։

Կեցցե՜, կեցցե՜, բուռն ծափահարություն, բաժակ մը գինի և վրան պատառ մը ուլիֆեր կասկարայի վրա եփած։

Ավադիկ մեր պաշտոնական և ոչ պաշտոնական մարմնոց զբաղմունքը տասն օրե ի վեր։

Ամեն սրտի մեջ խնդություն, ամեն բերնի մեջ ուլիֆեր, ամեն ստամոքսի մեջ գինի։

Ու՞ր են կուսակցության ոգիները։

Մարեցան... գինիով, մանավանդ քոնյաքով: Ոգի մը, որ կը մարե ուրիշ ոգի մը... ոգին կուսակցության։ Նմանաբուժական չէ՞ քիչ մը։

Արդար ըլլալե չդադրինք սակայն և համարձակությամբ խոստովանինք սա ճշմարտությունը, թե մեր ազգին անմիաբանության գլխավոր աղբյուրներուն մեկն ալ ջուրն է։ Ջուրն է, որ կուսակցական