Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գովաբանվելով զրկվին այն պաշտոններեն՝ որոց պիտի կոչվեին, եթե գովեստի արժանի գործ մը չկատարեին։ Չարամիտը ոմանք ալ այս դրութենեն օգտվելով շարունակ պիտի գովեն և պիտի աշխատին իբրև կուսակցության մարդ կարծել տալ այն անձերն, որոց վնասել կուզեն։ Ծառ մը ինչպես պիտի ճանչցվի ուրեմն: Հովի ծառերուն պտուղներեն։ Բնական է, թե այսպիսի տրամաբանություններ ներելի չեն այն ազգաց, որք բարոյական ուժով կապրին։ Ուղղությամբ ընթանալու են մեր պաշտոնական մարմիններն՝ որ գավառաց բարի օրինակ տան։ Մեր ազգային ժողովն ուղղության մասին գավառական ժողովներեն առաջնորդվելու պետք ունի դժբախտարար։ Այս է մեր միակ ցավը, զոր համեմատականի ջնջման վրա։

Բարեբախտաբար այս ցավն շուտ դարմանվեցավ ընտրությամբ ամենապատիվ տիար Խորեն սրբազան Աշգյան հոր, որ համակրելի, հեզահամբույր, ճշմարիտ ազգասեր, քաջ կրոնագետ, հմուտ աստվածաբան և լեզվագետ եկեղեցական մէ։ Ամենքս ալ միաբան ենք ճանաչելու նորին ամենապատվության այս գովելի հատկությունները։

Այժմ նորին ամենապատվության կը մնա հաստատել, թե ինքը վարչական կարողությամբ ալ օժտված է։ Արդեն նորին ամենապատվությունը ցույց տվավ այն ատենաբանության մեջ՝ զոր արտասանեց ընդհանուր ժողովո մեջ, հետ ուխտելո Սահմանադրության վրա, թե ի մոտո գիտե ազգին պետքերը և կը ճանաչե սահմանադրական պարտիքն և իրավունքը։

Կը շնորհավորենք ուրեմն նորին ամենապատվությունն և լի հուսով ենք, թե յուր անծին նկատմամբ արտահայտված ժողովրդային համակրությունն արդյունավոր և արգասաբեր պիտի լինի։

Հ. Գ. Բացի ասկից, պետք չէ պահանջել, որ մեր նորընտիր պատրիարքներն անմիջապես վարչական մարդիկ ըլլան։ Բավական է, որ զգան ազգին պետքերն և հետզհետե փորձառությամբ գործեն: Մենք մահկանացուներս Արամազդա ուղեղեն ծնած Աթենասներ չենք։ Գիտենք անշուշտ, թե Հեփեստոս օր մը կացինով Արամազդա ճակատին զարկավ և աստվածոց հոր ուղեղեն ծնավ Աթենաս։ Դիցաբանը ոմանք կը պնդեն, թե Հեփեստոս ապտակ միջեցուց Արամազդա քթին բերնին։ Ես այս վերջնոց կարծիքեն եմ և կը հավատամ, թե բարի և իմաստուն է այն, որ ապտակեն կը ծնի։

Խոնավ հարկի մը մեջ տրված որոշումները բաղդատա՞ծ եք