Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար, այսուհետև անոր փորին պիտի զարնենք իմանալու համար, թե բանաստեղծությա՞ն կոչում ունի թե իմաստասիրության. աստվածաբանությա՞ն, թե պյուխներաբանության, ճշմարտախոսությա՞ն, թե ստախոսության։ Ոչ միայն անոր փորին պիտի զարնենք, այլ նաև պիտի քննենք անոր բնակությունն ալ, որովհետև, ինչպես ըսի, առողջ որոշումներն առողջ հարկերու մեջ միայն կրնան տրվիլ։

Ա՜րդ, քննելու շատ բաներ ունինք այսօր։

Այսօր ամեն տեղ կը խոսվի մեր ազգային Պատրիարքարանի վրա, այսինքն անոր հնության և խոնավության վրա։ Եթե կուզեք հասկնալ, թե ինչո՜ւ երեկ չէր խոսվեր և այսօր կը խոսվի Պատրիարքարանի շենքի հնության վրա, պատճառն այն է՝ թե նախ Մասբերո միշտ կը խոսեր անոր վրա, երկրորդ՝ երեկ չէինք գիտեր, թե պատրիարքարանի շենքն այնքան հին, այնքան խոնավ է։ Շատ ազգայիններ այն ատեն պատրիարքարան կը տեսնեն, երբ թեզքերե մառնելու հարկին մեջ գտնվին — ազգային տուրք չվճարելու լավագույն ճամբաներեն չէ Պատրիարքարանի ճամբան։ — Ազգայնոց մեկ մասն ալ այն ատեն կը տեսնեն Պատրիարքարանն, երբ նորընտիր Պատրիարքը տեսնելու փափագ ունենան։

Արդ, անոնք, որ վերջին օրերս ամենապատիվ սրբազան Պատրիարքին աջն համբուրելու համար բարեհաճեցան Պատրիարքարան երթալ, տեսան անոր շենքին հնությունն և սկսան փափագներ հայտնել անոր ի հիմանե կործանման և ի հիմանե կառուցման համար։ Ըստ մեզ, գործն ավելի ապահովյալ կը լիներ, եթե նախ անոր ի հիմանե կառուցման սկսեին և հետո ի հիմանե կործանման։

Այո՛, այս փափագները հայտնվեցան Պատրիարքարանի մեջ։ Չգիտեմ՝ թե Պատրիարքարանե դուրս ալ կրկնվեցա՞ն նույն փափագները։

Բայց, ինչ որ ալ ըլլա, հայտնի է, թե մեր Պատրիարքարանի շենքը տրամադրություն չունի առողջ որոշումներ արտադրելու և ամեն հայ կը փափագի, Պատրիարքարանի մեջ, կամ Պատրիարքարանեն դուրս, որ նորոգվի այդ շենքը։

Այս փափագը շատ բանավոր է, թեև մեր մեջ բանավորություն չփնտրվիր փափագներու մեջ։ Ազգային մեռելոց համար ունինք Բերա, որպես կը հաստատեն, սքանչելի գերեզմանատուն մոր օտար մեռյալներու նախանձը կը շարժե։ Մեր մեռյալները մեր