Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կենդանիներեն շատ ավելի երջանիկ են։ Ո՜ղջ ըլլան։ Առատաձեռն ազգայնոց շնորհիվ քանի մը տարիեն պիտի ունենանք նաև ազգային հիմարներու, ապուշներու, անառակներու, հիվանդներու և ծերերու համար ընդարձակ և եվրոպական ճաշակով կառուցված հոյակապ շենքեր՝ որու բնակիչներն ևս, քաջառողջներու հետ բաղդատմամբ, նախանձելի վիճակ մը պիտի ունենան։ Այնպես որ, երբ օտարի մը մեր հառաջադիմության վրա գաղափար մը տալ ուզենք՝ անոր ձեռքեն պիտի բռնենք, նախ պիտի առաջնորդենք իրեն Բերա և պիտի ներկայացնենք մեր մեռյալները, հետո Ետիգուլե տանելով զինքն՝ կարգավ պիտի ներկայացնենք իրեն մեր խենթերը, մեր ապուշները, մեր անառակները, մեր հիվանդներն և մեր ծերերը. բնական է, որ մեր խենթերն ալ, մեր ապուշներն ալ, մեր անառակներն ալ ի պատիվ ազգին քիչ մը խենթություն, քիչ մալ անառակություն պիտի ընեն այն օտարին, որպես վարժարանի մաշակերտները սովոր են իրենց լավագույն շարադրությունները ցույց տալ իրենց այցելող հյուրերուն։ Օտարն ալ անշուշտ պիտի հրճվի, եթե հայասեր Է, յուր տեսած մեռելության, հիմարության և անառակության վրա, գոհ սրտով պիտի մեկնի։

Իսկ այս օտարն եթե անքաղաքավարությամբ հարցնե մեզ.

— Տեսա ձեր մեռյալները, ձեր հիմարներն և ձեր անառակներն. ուրիշ բան չունի՞ք դուք, ո՞ւր են ձեր կենդանիները, խելացիները և զգաստները, ասոնք ալ մեռյալներու, հիմարներու և անառակներու հե՞տ կը բնակին։ Ո՞ւր է այս գեղեցիկ վայրերն ու հաստատությունները վարող և անոնց վրա տիրող մարմինը։ Ո՞ւր է ձեր կեդրոնը... Այն ատեն պիտի տխրինք քիչ մը. որովհետև պիտի ստիպվինք իրեն ներկայացնել ծառ մորուն արմատը փտած է և ճյուղերը ծլած ծաղկած։ Կարելի՞ է երևակայել ասանկ ծառ մը բնության մեջ։ Ասանկ բնական ծառ մերևակայելն առողջ մտքի գործ չէ, բայց ասանկ արվեստական ծառեր շատ կը բուսնին մեր ազգին մեջ։

Ուրիշի օգնելու փափագը գթութենե կը ծնի։ Հիվանդ մը, ծեր մը, մեռյալ մը, հիմար մը, աղբատ մը գութ և կարեկցություն կը շարժեն, բայց Պատրիարքարանի խարխուլ շենքն ո՛չ սիրտ կը շարժե և ո՛չ միոյն խղճին կը դպչի։ Գթասիրտ անձ մը հիվանդին, աղքատին օգնելով կատարյալ գոհացում կուտա յուր խղճին և երկնից արքայությունը ժառանգելու իրավունք կստանա, բայց Պատրիարքարան մը կառուցելու մեջ մարդասիրական բան մը չտեսներ։