Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերթա, սրբազանը մինակ կը մնա. ոտք կելլա, սենյակին մեջ կը պտըտի և հետևյալ խորհրդածություները կընե.

«Ինչ կըլլար, եթե սա համագումար ժողովն անցյալ երկուշաբթի գործս լմնցներ... ես ալ ազատեի, լրագիրներն ալ ազատեին. գործը այս աստիճան հասնելեն ետքը դարձյալ զիս տանջելն ի՞նչ պիտի ըլլա. հերիք քաշեցի, հերիք չարչարվեցա, անմեղ եմ ես, անմեղ, չկրցինք հասկցնել գնաց, անմեղ... նավահանգիստը հասա, հոն ալ ալեկոծություն գտա... ինձի պես անմեղ մը...»։

Դուռը կը բացվի, խիղճը կերևա։

— Դարձյա՞լ դուն ես, ըսելով, սրբազանը խղճին վրա կը հարձակի, կոկորդեն սխմելով կը խղդե զինք ու Պետրոս Կաթողիկոսին քովը կը ղրկե։

Կերակուրը կը բերեն, նորին սրբազնությունը կը կշտանա բայց և այնպես միտքը դարձյալ խռովահույզ է, կերևի որ երկրորդ համագումարին կսպասե խեղճը, որ հանդարտ ըլլա, որովհետև կերակուրեն ելնելեն ետքը պոռաց, «ո՜վ համագումար ժողով, դուն իմ նավահանգիստս ես. սաստե՛ ալիքներուդ, որ լռեն, ես ալ նավս ազատեմ, ու նավահանգստի մեջ նավաբեկություն չընեմ»։

Այս խնդիրքն ընելեն ետքը տնկողին մտավ քնանալու և համագումար ժողովին տալիք որոշումեն ետքը արթննալու պայմանավ։

Տա՜ր Աստված, որ համագումար ժողովն յուր որոշումն քսան տարիեն ետքը տար...։


ԼՈԻՍԱՎՈՐՅԱԼ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԸ

— Ի՞նչ ունիս, Խիկար, ինչու՞ կը մտմտաս կոր։

— Վարդապետ ըլլալ կը մտմտամ կոր, եղբայր, վարդապետ։

— Ինչու՞, չե՜ս կրնար կոր հացդ ճարել։

— Կրնամ կոր, բայց կ՝ուզեմ կոր որ ուզած թաղիս մեջ կարենամ խռովություն հանել, և ասիկա ընելու համար ալ անպատճառ վարդապետ ըլլալու եմ։

— Քրիստոստուր էֆենտին վարդապե՞տ է, ան ինչպե՞ս կրնա կոր։

— Անիկա բացառություն է. ես հիմա խռովություն մը հանեմ նե աշխարհական ըլլալուս համար օձիքը ձեռք կուտամ ու կը